կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-31 18:12
Հասարակություն

Հազար ու մի հիվանդությունների դեմ

Հազար ու մի հիվանդությունների դեմ

Եթե ոչ մի բան չարվի եւ միայն ապահովվի երեխային կրծքով կերակրումը, ապա աշխարհում մանկական մահացությունը կկրճատվի 10 տոկոսով. վստահեցնում է ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

 

Նա նշեց, որ կրծքով կերակրելը երեխայի առողջ կյանքի լավագույն սկիզբն է, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխարհում կուրծք ուտող երեխաները 7-ից 10 անգամ ավելի քիչ են հիվանդանում եւ 7 անգամ ավելի քիչ են մահանում: Հայաստանում 2000 երեխայի շրջանում արված հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ, ընդհանուր առմամբ, մահացած երեխաները կրծքի կաթ են կերել 1 ամիս, իսկ մյուս երեխաները` 5 ամիս: «Մահացած երեխաների 34 տոկոսն է կրծքով կերակրվել, իսկ ողջ երեխաների 90 տոկոսը»,- ասաց Կ. Սարիբեկյանը:

 

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն էլ տեղեկացրեց, որ իրենք ԱԺ-ի հետ «Կրծքով սնուցման խրախուսման նախագիծ» են մշակել, որի համաձայն` մայրական կաթը պետք է երեխայի համար դառնա այլընտրանք չունեցող միջոց:

 

«Նախագծում ներառված են կաթնախառնուրդների գովազդի, ինչպես նաեւ առեւտրային ցանցերում դրանց վաճառքի սահմանափակումների մասին կետեր: Կաթնախառնուրդները պետք է օգտագործվեն միայն բժշկի նշանակմամբ»,- ասաց նա:

 

Այն բժիշկները, ովքեր կխրախուսեն ծնողներին երեխային մինչեւ 6 ամիս  կաթնախառնուրդ տալ, պետք է կրեն վարչական տույժ, իսկ բոլոր հիմնարկներում կանանց համար պետք է ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, որպեսզի կինը կարողանա կերակրել երեխային:

 

«Իրավախախտումների համար պետք է սահմանվի վարչական տույժ` առաջին զգուշացման դեպքում նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ երկրորդի դեպքում այս թիվը կկրկնապատկվի»,- նշեց Քրմոյանը` հավելելով, որ սա կօգնի նախագծի կիրառումն ավելի նպատակային դարձնել:

 

«Վստահություն առողջապահական» ՀԿ-ի նախագահ, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանն էլ նշեց, որ փորձը ցույց է տվել` մայրական կաթով սնվող երեխաներն ունենում են ավելի լավ տեսողություն, քիչ են հիվանդանում ինֆեկցիոն վարակներով, ունենում են քաղցկեղով հիվանդանալու ավելի քիչ հավանականություն եւ ընդունակության ավելի մեծ հնարավորություն, քան կաթնախառնուրդով սնուցված երեխաները:

 

«Կաթնախառնուրդներ չօգտագործելը հնարավորություն է տալիս բավական դրամ էլ խնայել, քանի որ ընտանիքը դրանց ձեռքբերման համար տարեկան ծախսում է 300-600 հազար դրամ»,- ասաց Ս. Հարությունյանը: