կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-31 17:24
Առանց Կատեգորիա

Դողրուն ծայրահեղական է, բայց նրա ասածի մեջ ճշմարտություն կա

Դողրուն ծայրահեղական է, բայց նրա ասածի մեջ ճշմարտություն կա

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով` այս պահին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները եւ Թուրքիայի քաղաքական օրակարգը հիմք են տալիս ենթադրելու, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ շոշափելի քննարկումներ` թե' խորհրդարանում, թե' կառավարական տարբեր օղակներում, առնվազն անիրատեսական են:

 

Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ այս իմաստով թուրքական խորհրդարանի պատգամավոր, «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ Ռեշաթ Դողրուի հայտարարությունը, թե «արձանագրությունների քննարկումը Թուրքիայի խորհրդարանում բացառվում է, քանի որ թե' խորհրդարանականները, թե' ժողովուրդը դեմ է դրանց», խորքային առումով թեեւ ճշմարտություն պարունակում է, բայց նրա հայտարարության տոնը ենթադրում է, որ այն առավելապես ծայրահեղական գաղափարախոսության համատեքստում է արվում:

 

«Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն ունի մեծամասնություն, եւ եթե հարկ լինի անցկացնել խորհրդարանական քննարկումներ, ապա, անկախ «Ազգայնական շարժում» կուսակցության ցանկության, այդ քննարկումները կլինեն, քանի որ խորհրդարանում այդ կուսակցությունը չունի վճռորոշ ձայն»,- նշեց թուրքագետը:

 

Անդրադառնալով Դողրուի մեկ այլ հայտարարությանը, թե այդ արձանագրությունները պետք է հավանության արժանանան նախ Ադրբեջանի, հետո միայն` Թուրքիայի կողմից, Ռ. Մելքոնյանը նշեց, որ այս հարցում եւս Դողրուն արտահայտել է իրենց կուսակցության գաղափարախոսությանը բնորոշ ծայրահեղական տրամադրությունները:

 

«Բայց այդ մտքերում, այնուամենայնիվ, ճշմարտություն կա, քանի որ թուրքական իշխանություններն իրենց վարած քաղաքականության արդյունքում հասան նրան, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում են երրորդ երկրով, այսինքն` Ադրբեջանով, եւ եթե Թուրքիայի վարչապետի եւ արտգործնախարարի մակարդակով խոսվում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել միայն ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտից հետո, ապա բնական է, որ հասարակ պատգամավորը կամ հասարակ քաղաքացին նույնպես այդ տրամադրությունների կրողը պետք է դառնա»,- նշեց նա: