Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս օրերին մամուլում ամենաարծարծվող թեման կոալիցիայի հետագա ճակատագրի հարցն է: Ըստ ամենայնի, ՀՀԿ-ն կոալիցիային ԲՀԿ-ի մաս կազմելու նպատակահարմարության հարցն արդեն իսկ քննարկել է եւ այս հինգշաբթի պարզ կդառնա` կշարունակեն արդյոք այսօրվա դաշնակիցները համագործակցությունը:
Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն կստորագրի անհեթեթ փաստաթղթերի տակ, իսկ թե ինչպիսի որոշումներ կկայացնեն այն մարդիկ, ովքեր խոսում են ՀՀԿ-ի անունից, չեմ կարող ասել. «Երկիր»-ի հետ զրույցում, անդրադառնալով կոալիցիայի փլուզման մասին խոսակցություններին, ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա դիտարկմամբ` եթե ՀՀԿ-ի վերնախավը ռեալ գնահատի իրավիճակը, ապա ավելի իրատեսական քայլերի կգնա, այլ ոչ թե ինչ-որ վիրտուալ նպատակներ կդնի իր առջեւ: «Կարծում եմ` ՀՀԿ-ի բուն վերնախավն էլ շահագրգռված չէ այսպիսի քայլերի գնալ, եւ ուղղակի ապշած եմ այն մարդկանց մտածողության վրա, ովքեր այդպիսի քայլերի են փորձում դրդել ամբողջ քաղաքական դաշտը, ոչ միայն ԲՀԿ-ին, այլ նաեւ ՀՀԿ-ին: Եթե այն մարդիկ, ովքեր խոսում են ՀՀԿ-ի անունից, պարտադրեն, որ նոր կոալիցիոն հուշագիր ստորագրվի եւ դրանով փորձեն կոալիցիան քանդել, ապա առաջին հերթին վնաս կտան իրենց, ոչ թե ԲՀԿ-ին, որովհետեւ ԲՀԿ-ի վարկանիշն այդ պարագայում կտրուկ կբարձրանա, եւ նա լուրջ կոնսոլիդացման կենտրոն կդառնա ողջ հասարակության համար»,- նշեց քաղաքագետը` չբացառելով, որ այդ կենտրոնին կմիանան նաեւ Դաշնակցությունը, «Ժառանգությունը», ինչու չէ, նաեւ ՀԱԿ-ը:
Ըստ Բոզոյանի` կոալիցիան ձեւավորվել է հստակ օրակարգի շուրջ, եւ ԲՀԿ-ն այդ օրակարգը որեւէ կերպ չի խախտել: Այդ առումով նրա համար տարօրինակ է, որ այս տարվա փետրվարին ստորագրված հուշագրից հետո, որով կոալիցիոն ուժերը վերահաստատեցին իրենց միասնականությունը` 2013թ. նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահին (ի դեպ, միջազգային պրակտիկայում նման նախադեպ չկա, որ ընտրություններից երկու տարի առաջ նման բան ստորագրվի), նոր հուշագիր ստորագրելու անհրաժեշտություն է առաջացել. «Դա նման է այն բանին, որ հայրը տարին մի քանի անգամ գա եւ պահանջի, որ իր կինը, զոքանչն ու աները մի հուշագիր ստորագրեն, որը հաստատի, որ երեխաների հայրն ինքն է: Եթե նա այդպիսի բան անի, ապա երեխաները կսկսեն արդեն կասկածել` արդյո՞ք նա իրենց հայրն է»:
Նրա գնահատմամբ` այն ժամանակ կարեւոր էր ցույց տալ միջազգային հանրությանը, որ Հայաստանում կոնսոլիդացված վիճակ է, քանի որ երկրում իրականում առկա էր պայթյունավտանգ սոցիալական վիճակ, եւ կար ուժեղ ընդդիմություն: Այսօր վիճակը փոխվել է, Հայաստանն էլ արդեն առանձնապես ծանր վիճակում չէ նաեւ ԼՂ-ի բանակցությունների հետ կապված:
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով էլ` ԲՀԿ-ի դեմ քաղաքական արշավանք է սկսվել. կուսակցությանը փորձում են անկյուն մղել, պայմաններ թելադրել կամ նոր հռչակագիր ստորագրել տալ: «Ռուսական մի ասացվածք կա` լավագույնը լավի թշնամին է. ԲՀԿ-ն իր գործընկերական պարտավորությունները կատարում է եւ ՀՀԿ-ի հետ կիսում է բեռն այն ոլորտներում, որոնց համար պատասխանատվություն է կրում: Բայց ինչ վերաբերում է երաշխիքներ տալուն, թե ԲՀԿ-ն ի՞նչ դիրքերից հանդես կգա նախագահական ընտրություններում, արդյոք սեփական թեկնածուո՞վ կներկայանա, թե՞ կպաշտպանի գործող նախագահին, ապա այսօր նման հարց դնելը նշանակում է խախտել քաղաքական մրցակցության կանոնները»,- նշեց քաղաքագետը:
Հ. Հովհաննիսյանի դիտարկմամբ` եթե Սերժ Սարգսյանը, լինելով ՀՀ նախագահ, չլիներ ՀՀԿ նախագահ, ապա նման պահանջը կարող էր ինչ-որ ձեւով հիմնավորված լինել: Բայց քանի որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, ապա այդպիսի պահանջ ներկայացնելը նշանակում է ոչ այլ ինչ, քան այդ կուսակցությանը սեփական դեմքից զրկելու եւ պարզապես վերացնելու փորձ անել: Իսկ այդ փորձը կարող է, ինչպես ժողովուրդն է ասում` հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հանել: «Գագիկ Ծառուկյանը հայտարարում է` այդ մասին հաջորդ դասին, ակնարկելով, որ կուսակցության կողմնորոշումը 2013թ. նախագահական ընտրություններում պայմանավորված կլինի խորհրդարանական ընտրությունների մաքուր անցկացմամբ: Իսկ եթե ԲՀԿ-ի ձայները կողոպտվեն, եւ ՀՀԿ-ն նորից հռչակվի քաղաքական մենաշնորհի անփոխարինելի տիրակալ` խեղաթյուրելով ընտրությունների իրական արդյունքները, ապա հաջորդ դասին ինչո՞ւ պետք է Գագիկ Ծառուկյանը պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- տարակուսեց քաղաքագետը` հավելելով, որ եթե ճնշում գործադրեն «Բարգավաճ Հայաստանի» վրա, որ արդեն այս դասին ԲՀԿ-ն երաշխիքներ տա, որ պաշտպանելու է գործող նախագահին, կնշանակի, որ ՀՀԿ-ն մտադրվել է նույն եղանակով, ինչպես նախկինում էր անում, կեղծել ընտրությունները եւ պահպանել սեփական քաղաքական մենաշնորհը:
Նրա կարծիքով, ՀՀԿ-ն ինչ որոշում էլ կայացնի, տուժողը հաստատ ԲՀԿ-ն չի լինելու:
Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ