Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը չի կարծում, որ ԲՀԿ-ն կստորագրի անհեթեթ փաստաթղթերի տակ: Իսկ թե ինչպիսի որոշումներ կկայացնեն այն մարդիկ, ովքեր խոսում են ՀՀԿ-ի անունից, չի կարող ասել. yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով կոալիցիայի փլուզման մասին խոսակցություններին, նշեց նա:
Քաղաքագետի դիտարկմամբ` եթե ՀՀԿ-ի վերնախավը ռեալ գնահատի իրավիճակը, ապա ավելի իրատեսական քայլերի կգնա, այլ ոչ թե ինչ-որ վիրտուալ նպատակներ կդնի իր առջեւ:
«Կարծում եմ` ՀՀԿ-ի բուն վերնախավն էլ շահագրգռված չէ այսպիսի քայլերի գնալ, եւ ուղղակի ապշած եմ այն մարդկանց մտածողության վրա, ովքեր այդպիսի քայլերի են փորձում դրդել ամբողջ քաղաքական դաշտը, ոչ միայն ԲՀԿ-ին, այլ նաեւ ՀՀԿ-ին: Եթե այն մարդիկ, ովքեր խոսում են ՀՀԿ-ի անունից, պարտադրեն, որպեսզի նոր կոալիցիոն հուշագիր ստորագրվի եւ դրանով փորձեն կոալիցիան քանդել, ապա առաջին հերթին վնաս կտան իրենց, ոչ թե ԲՀԿ-ին, որովհետեւ ԲՀԿ-ի վարկանիշն այդ պարագայում կտրուկ կբարձրանա, եւ նա լուրջ կոնսոլիդացման կենտրոն կդառնա ողջ հասարակության համար»,- նշեց քաղաքագետը` չբացառելով, որ այդ կենտրոնին կմիանան նաեւ Դաշնակցությունը, «Ժառանգությունը», ինչու չէ, նաեւ ՀԱԿ-ը:
Ըստ քաղաքագետի` կոալիցիան ձեւավորվել է հստակ օրակարգի շուրջ, եւ ԲՀԿ-ն այդ օրակարգը որեւէ կերպ չի խախտել: Այդ առումով նրա համար տարօրինակ է, որ այս տարվա փետրվարին ստորագրված հուշագրից հետո, որով կոալիցիոն ուժերը վերահաստատեցին իրենց միասնականությունը` 2013թ. նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահին (ի դեպ, միջազգային պրակտիկայում նման նախադեպ չկա, որ ընտրություններից երկու տարի առաջ նման բան ստորագրվի), նոր հուշագիր ստորագրելու անհրաժեշտություն է առաջացել:
«Դա նման է այն բանին, որ հայրը տարին մի քանի անգամ գա եւ պահանջի, որպեսզի իր կինը, զոքանչն ու աները մի հուշագիր ստորագրեն, որը հաստատի, որ երեխաների հայրն ինքն է: Եթե նա այդպիսի բան անի, ապա արդեն երեխաները կսկսեն ռեալ կասկածել` արդյո՞ք նա իրենց հայրն է, թե՞ ոչ»,- ասաց Ե. Բոզոյանը:
Նրա գնահատմամբ` այն ժամանակ շատ կարեւոր էր ցույց տալ միջազգային հանրությանը, որ Հայաստանում կոնսոլիդացված վիճակ է, քանի որ երկրում իրականում առկա էր պայթյունավտանգ սոցիալական վիճակ, եւ կար ուժեղ ընդդիմություն: Այսօր իրավիճակը փոխվել է, Հայաստանն արդեն առանձնապես ծանր վիճակում չէ` ԼՂ-ի բանակցությունների հետ կապված: Քաղաքագետը տարօրինակ է համարում, որ նման խնդիրներ են դրվում, որոնք, ըստ նրա, չեն բխում առաջին հերթին ՀՀԿ-ի շահերից: