Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստան ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիս էր հրավիրել: Մինչ սկսելը Ռուբեն Հայրապետյանը բոլոր հավաքվածներին շնորհավորեց Հայաստանի անկախության 20-ամյակի և մեր հավաքականի փայլուն ելույթների կապակցությամբ, ապա սկսեց պատասխանել հարցերին:
Մարզական լրագրողներին հետաքրքրում էր վերջին շրջանում շրջանառվող տեղեկատվությունը, թե ռուսական Պրեմիեր լիգայում մոտ ժամանակներս ստեղծվելու է հայկական ակումբ: «Ես բազմաթիվ անգամ ասել եմ` երբ դուք ֆեդերացիայից կամ անձամբ ինձնից կլսեք, նոր այդպիսի մեծ աղմուկ բարձրացրեք: Արտերկրից մեկը մի բան է գրում, բոլորդ խառնվում եք իրար ու աժիոտաժ ստեղծում: Եթե նման բան լինի դուք առաջինը ինձնից կլսեք: Երեկ գիշերն եմ վերադարձել ՈւԵՖԱ-ի կոնֆերանսից: Միշել Պլատինին նման առաջարկ արեց բոլոր ֆեդերացիաներին: Սակայն, ինչի մասին խոսում եմ, դա դեռ նախագիծ է, որը թույլ կտա փոքր երկրներին իրար հետ միանալ, որպեսզի ֆուտբոլը զարգանա»,- մեկնաբանեց Հայրապետյանը:
Նա ասաց, որ ինքը հավատում է Հայաստանի հավաքականի հաջողությանը և երազում է 2012 թվականին մեր տղաներին տեսնել Ուկրաինայում և Լեհաստանում: Նա համարում է, որ մենք այժմ ունենք այնպիսի հավաքական, որը խաղադաշտ է դուրս գալիս` մտածելով միայն հաղթանակի մասին:
Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Հայաստան-Մակեդոնիա հանդիպման տոմսերն արդեն սպառվել են, սակայն Հայրապետյանն ասաց, որ նման լուրերն ապատեղեկատվություն են, և «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում դեռ 2000 չսպառված տոմս կա:
Երբ հարց ուղղվեց ֆուտբոլիստներին պարգևատրելու մասին, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ասաց, որ նման մեծ հետաքրքրությունը կարող է վիրավորել ֆուտբոլիստներին, քանի որ, ի տարբերություն նախկին հավաքականի, այս տղաներին հետաքրքում է իրենց պետության դրոշը արժանապատվորեն ներկայացնելը: Քանի բացվել էր պարգևատրման թեման, լրագորղներին հետաքրքրեց, թե որտեղի՞ց են ֆուտբոլիստները ստանալու խոստացված 3.000.000 եվրո գումարը: «Երբ գա պարգեւատրելու պահը` կիմանաք, թե ովքեր են տալու: Մենք ունենք ֆուտբոլասերներ, ովքեր զանգահարում եւ ասում են, որ ցանկանում են պարգեւատրել»,- նշեց Ռ. Հայրապետյանը:
Ինչ վերաբերում է կանանց ֆուտբոլի հավաքականին, ըստ ֆեդերացիայի նախագահի, «Հայաստանում կանանց ֆուտբոլը չի զարգացել, չի զարգանա, ցանկություն էլ չունեմ զարգացնելու»: