կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-20 18:48
Մշակույթ

Ուսուցիչ` առանց դասազանգի

Ուսուցիչ`  առանց դասազանգի

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ լիբանանահայ մշակութային եւ հասարակական գործիչ, երկարամյա մանկավարժ Գեւորգ Գանտահարյանի հիշատակին նվիրված` «Գէորգ Գանտահարեան` ամենուն ուսուցիչը» գրքի շնորհանդեսը:

«Գեւորգ Գանտահարյանը հոգով եւ սրտով մշակութային գործիչ էր, ով փայլում էր ստեղծագործական տաղանդով, նա ոչ միայն ուսուցիչ եւ երաժիշտ էր, այլեւ ծնող, եւ ես վստահ կարող եմ ասել, որ նա հայության որդին է»,- շնորհանդեսի ժամանակ ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Եթե ես չհանդիպեի Գեւորգ Գանտահարյանին, ես շատ ավելի աղքատ կլինեի, քան այսօր եմ, մենք միասին ենք դասավանդել, եւ այդ ժամանակահատվածում ես ապշեցի նրա գիտելիքներից. եւ նա եղավ  Բեյրութի իմ ուսուցիչը»,-ասաց գրքի հեղինակ Երվանդ Տեր-Խաչատրյանը` հավելելով` որ Գեւորգ Գանտահարյանը միայն մեկ անգամ է եղել իր հայրենիքում եւ միշտ երազել է վերադառնել Հայաստան, եւ այս գրքով իրագործվեց նրա իղձը. այսպես նա վերադառնում է Հայաստան:

Շնորհանդեսին ներկա էր նաեւ Լիբանանի  թեմի առաջնորդը` Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, ով նշեց, որ Գեւորգ Գանտահարյանը ոչ միայն իր աշակերտների ուսուցիչն էր, այլ բոլոր մարկանց, ովքեր իր հետ էին աշխատում: Վերջում նա նշեց, թե այսօր կան «առանց սահմանի» բժիշկներ, թղթակիցներ, իսկ Գեւորգ Գանտահարյանը ուսուցիչ էր` առանց դասազանգի:

Գիրքը հրատարակվել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբաշյանի հովանավորությամբ:

 

Տաթեւիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ