կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-19 18:31
Հասարակություն

Արամ Ա կաթողիկոսն անուղղակի հանդիմանեց Գարեգին Բ կաթողիկոսին

Արամ Ա կաթողիկոսն անուղղակի հանդիմանեց Գարեգին Բ կաթողիկոսին

Սեպտեմբերի 19-ին Երևանում մեկնարկել է Համահայկական համաժողովը` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին:Համաժողովում ելույթ է ունեցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր օրհնանքի խոսքն է ուղղել համաժողովի մասնակիցներին:

Սակայն համաժողովում ամենաազդեցիկ ելույթն ունեցել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը` հայտարարելով, որ անհրաժեշտ է միասնական մտածողություն ստեղծել, այլ ոչ թե միայն նման միջոցառումներ կազմակերպել: Դիմելով 50 երկրների հայկական համայնքների շուրջ 500 ներկայացուցիչներին` նա ասել է. «Մեր ազգի մեծագույն տագնապն այն փաստացի իրողությունն է, որ Հայաստանից արտագաղթը նույն թափով շարունակվում է: Մեր թշնամին ուզեց Հայաստանն առանց հայերի տեսնել: Այսօր մենք մեր ձեռքերով Հայաստանը հայաթափում ենք: Փտածության, կորուպցիա կոչվող հիվանդության արագ ընթացքը, փոքրամասնության տնտեսական հղփացած վիճակը և դրա դիմաց մտավորականների, գրողների, ուսուցիչների ու ընդհանրապես ժողովրդի կենցաղային խեղճ պայմանները բարեփոխումների խիստ անհրաժեշտություն են զգում: Եկեղեցին չի կարող անտարբեր լինել այս վատառողջ երևույթների նկատմամբ»

Այս ելույթը կարելի է ընկալել նաև որպես անուղղակի հանդիմանություն Սբ Էջմիածնին և Գարեգին Բ կաթողիկոսին: Իհարկե, եկեղեցին չի կարող անտարբեր լինել այսպիսի երևույթների նկատմամբ: Ինչո՞ւ պետք է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ժամաներ Անթիլիասից և հրապարակավ` ողջ հայության ներկայացուցիչների ներկայությամբ արտագաղթի հարցը բարձրացներ Հայաստանի իշխանությունների առջև` համարելով, որ դա Հայ եկեղեցու թիվ մեկ մտահոգությունն  է, և եկեղեցին չի կարող անտարբեր մնալ այդպիսի երևույթի նկատմամբ: Ինչո՞ւ նույն բանը չէր կարող անել Գարեգին Բ կաթողիկոսը, որ Հայաստանի ժողովուրդն էլ իր թիկունքում զգար հայրենի եկեղեցու աջակցությունը  և նրա անչափելի մտահոգությունը արտագաղթ երևույթի նկատմամբ: Ինչու՞ հայաստանյայց հավատացյալ ժողովուրդն այդ նույն բովանդակությամբ խոսքերն ու մտահոգությունները չպետք է լսեր Ամենայն Հայոց կաթողիկոսից:

Ումի՞ց է վախենում Գարեգին Բ կաթողիկոսը, որ երբեք իր բողոքի ձայնը չի բարձրացնում իր հավատացյալ ժողովրդի նկատմամբ իշխանությունների և օլիգարխների կողմից վարվող ստորացուցիչ քաղաքականության դեմ: ՀՀ նախագահի՞ց է վախենում: Դժվար է հավատալը: Օլիգարխ կլանների՞ց է վախենում, նույնպես դժվար է հավատալը:

Եթե գոնե մեկ անգամ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ձայնը բարձրացնի հանուն իր ստորացված ու խեղճության մատնված  հոտի արժանապատվության, ինչպես դա արեց Արամ Ա կաթողիկոսը, ապա մենք` Հայ Առաքելական  եկեղեցու զավակներս, կհամարենք որ անտեր չենք այս աղանդավորների ու մանկուրտ իշխանավորների կողմից բզկտվող սուրբ հողի վրա:

աղբյուրը` Armweeklynews.am  19.09.11