կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-17 14:06
Արցախ

Այսօր Արցախում լռության օր է

Այսօր Արցախում լռության օր է

Վաղը ԼՂՀ-ում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Ըստ ԼՂՀ ԿՀԸ նախագահ Ռաշիդ Պետրոսյանի` ճշտված ցուցակներով ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 93102 քաղաքացիներ։

Գրանցումից հետո ինքնաբացարկ են հայտնել համայնքի ղեկավարի 7 եւ ավագանու անդամի 5 թեկնածուներ։ Ավարտվել է նաեւ նախընտրական քարոզարշավը։ Այսօր Արցախում լռության օր է։

ԿԸՀ նախագահի խոսքերով` նախընտրական քարոզչությունը հիմնականում անցել է օրենքի շրջանակներում, խախտումների մասին բողոքներ ԿԸՀ չի ներկայացվել, բացառությամբ մեկի, որը ներկայացվել է Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողով. համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկի կողմից բողոք է ներկայացվել, որ մյուս թեկնածուն քարոզչական նյութեր է տարածում՝ առանց տպարանի եւ տպաքանակի նշման։ Հարցն անմիջապես լուծվել է. վստահեցնում է Ռաշիդ Պետրոսյանը։

 այն հարցին, թե ԿԸՀ-ն պարզե՞լ է այն փաստը, որ Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Սուրեն Գրիգորյանը քարոզարշավից մեկ օր առաջ է սկսել քարոզչությունը, ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ yerkir.am-ի մեր թղթակցի արձանագրած փաստի կապակցությամբ ուսումնասիրություն է կատարել եւ խոսել է նշված թեկնածուի հետ: «Ընտրական օրենսգրքով նախատեսված է՝ եթե որեւէ խախտում կա, 3 օր ժամանակ է տրվում՝ այն վերացնելու համար։ Բայց քանի որ ձեր արձանագրածը ամսի 29-ին էր եւ 30-ից պաշտոնապես քարոզչությունը սկսվել է, պարզապես զգուշացրել եմ, որ հետագայում նման բան չկրկնվի»,- ասաց Ռ. Պետրոսյանը։

Վարչական ռեսուրսի օգտագործում, ըստ ԿԸՀ նախագահի, նույնպես չի եղել, չնայած լրագրողներից մեկի այն պնդմանը, որ նույն թեկնածուն՝ Սուրեն Գրիգորյանը, իր ծառայողական մեքենայով էր քարոզչության գնում։ Ռաշիդ Պետրոսյանն ի պատասխան նշեց, որ իրենց կողմից նման բան չի նկատվել, միաժամանակ ընդգծեց, որ պաշտոնական ռեզերվ օգտագործելն էլ է խախտում։

Վաղը կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնելու տեղական 11 դիտորդներ՝ Ռուսաստանի հայերի միության Արցախի մասնաճյուղից, 3-ը՝ ՀՀ ԿԸՀ-ից, իսկ 4-ը՝ ՀՀ ԱԺ-ից։ Ընտրությունները կլուսաբանի 31 լրագրող։