Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործադիրն իր այսօրվա նիստում որոշում ընդունեց երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման համար վերջնաժամկետ սահմանել մինչեւ 2011թ. նոյեմբերի 1-ը: Խոսքը վերաբերում է Գյումրի քաղաքում և Ախուրյան համայնքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերում ընդգրկված ընտանիքներին:
Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը տեղեկացրեց, որ 2913 ընտանիք արդեն իրազեկվել է, սակայն 630 ընտանիք ընդհանրապես փաստաթղթեր չի ներկայացրել, իսկ ներկայացրած 2281 ընտանիքներից 496-ը ճանաչվել են շահառու: Նա նաեւ նշեց, որ ծրագրի շահառու 115 ընտանիքներ չեն կարող հավակնել բնակարանների, 1010-ի փաստաթղթային փաթեթները ենթակա են համալրման, 660-ի փաստաթղթային փաթեթներն էլ գտնվում են ուսումնասիրության փուլում:
«Այս ծրագրով մենք վերջնականապես կկարգավորենք աղետի հետեւանքով Գյումրի քաղաքում եւ քաղաքային համայնքներում պետական բազմաբնակարան եւ կոոպերատիվ բնակարաններ կորցրած ընտանիքների բնակարանային խնդիրները, ինչպես նաեւ աղետի գոտու գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կորցրած ընտանիքների խնդիրը»,- նշեց նախարարը` հավելելով, որ ծրագրից հետո Գյումրի քաղաքում դեռեւս լուծման կարիք կունենան երկրաշարժի հետեւանքով անհատական բնակելի տուն կորցրած ընտանիքները, որոնց թիվը մոտ 3000 է:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշեց, որ իրականացվում է աղետի գոտու վերականգման աշխատանքների վերջին փուլը, եւ սպառվում են այն միջոցները, որոնք ծրագրվել էին:
«Մեր ծրագիրը նախատեսված էր շուրջ 7000 անօթեւան ընտանիքների բնակարանով ապահովելու համար, եւ արդյունքում մենք ամբողջությամբ կատարում ենք մեր պարտավորություններն անօթեւանների նկատմամբ, մասնավորապես` այն ընտանիքների, որոնք համապատասխանում են այն չափանիշներին, որոնք սահմանված էին մեր կողմից»,- նշեց վարչապետը` հավելելով, որ ցուցակների ճշգրտումը բավականին բարդ գործընթաց է եւ պայմանավորված է այն հանգամանքով, որ այս ծրագրից փորձում են օգտվել ինչպես իրականում աղետի հետևանքով անօթևան դարձածները, այնպես էլ սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքները:
«Շատ դժվար է այդ տարանջատումն իրականացնել, որովհետեւ շատ հաճախ իսկապես սոցիալապես անապահով ընտանիքներ նույնպես ցանկություն ունեն օգտվել այս ծրագրից, բայց օբյեկտիվ չափանիշները, որոնք դրված են ծրագրի հիմքում, թույլ չեն տալիս այդ»,- նշեց Տ. Սարգսյանը`տեղեկացնելով, որ այդ ընտանիքների համար կան այլ սոցիալական ծրագրեր եւս: