կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-12 12:57
Աշխարհ

Սխալ թեկնածու՝ Թուրքիայի համար

Սխալ թեկնածու՝ Թուրքիայի համար

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախումբը վաղը քվեարկության կդնի Թուրքիայում եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանների` Օբամայի վարչակազմի կողմից առաջադրված թեկնածուների հաստատման հարցը. տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:

Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուն  Ֆրանսիս Ռիկարդոնեն է, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն` Ջոն Հեֆերնը:

Հայ Դատի հանձնախումբը դեմ է երկու թեկնածությանն էլ, մասնավորապես` Ռիկարդոնեն արդեն իսկ խեղաթյուրում է պատմական փաստերը` կապված Թուրքիայի տարածքում մինչեւ 1915 թվականը գործած քրիստոնեական եկեղեցիների հետ:

«Դեսպան Ռիկարդոնեին եւ նրա թիմին մեկ շաբաթ պահանջվեց սենատոր Մենենդեսի գրավոր հարցի պատասխանը պատրաստելու համար եւ ավելի քան 10 օր` կես քայլ հետ անելու համար: Նա ուղղակի իր համար ավելի խորը փոս փորեց` որպես Անկարայի պաշտպան»,- ասել է Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` հավելելով, որ Թուրքիայի համար դեսպանի սխալ թեկնածու է ընտրված:

Հիշեցնենք, որ սենատոր Մենենդեսի` Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների ճակատագրի մասին հարցին Ռիկարդոնեն սխալ պատասխան է տվել` ասելով. «Մինչ 1915 թվականը գործող բոլոր քրիստոնեական եկեղեցիները մինչ օրս էլ գործում են Թուրքիայում»:

Ռիկարդոնեի պատասխանը սուր քննադատության են արժանացրել արքեպիսկոպոսներ Օշական Չոլոյանը եւ Մուշեղ Մարտիրոսյանը:

«1895-96 թվականներին եւ 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո հայկական տները, սրբավայրերը պարբերաբար ավերվել են»,- նշել է արքեպիսկոպոս Չոլոյանը:


Իսկ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել է. «Այս դեսպանի ներկայությունը Անկարայում կարող է թուլացնել տարբեր կրոններ դավանող ազգերի պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերը, քանի որ նա չգիտի կամ չի ցանկանում իմանալ ճշմարտությունը հայերի, հույների, ասորիների եւ այլ քրիստոնյա ազգերի մասին: Ռիկարդոնեն ցույց տվեց, որ սխալ թեկնածու է եւ չի կարող դառնալ ԱՄՆ ներկայացուցիչը Թուրքիայում»: