Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱԿ-ի երեկվա միտինգը ցույց տվեց, որ նեոբոլշեւիկների ինքնավարկաբեկումն այսօրվա դրությամբ աննախադեպ է։ Դեռ երբեք նրանք չեն եղել այս աստիճան բարոյալքված ու ապակողմնորոշված։ Գործողություններին փոխարինելու են գալիս բարձրագոչ հայտարարությունները, գաղափարներին՝ խորհրդանիշերը, ծրագրերին՝ ինչ-որ անհեթեթ պահանջների ու վերջնագրերի թվարկումը։ Բայց պարզ բացառման դիրքորոշումը բարոյական տեսանկյունից նույնքան կասկածելի է, որքան իրականության հետ համակերպման դիրքորոշումը. արդյունքը երկու դեպքում էլ նույնն է, ամեն ինչ մնում է առաջվա պես։
Ահա արդեն ինչքան ժամանակ լսում ենք միայն բոլորին վաղուց ձանձրացրած միեւնույն երգը. արտահերթ ընտրություններ, արտահերթ ընտրություններ։ Հետաքրքիր է, եթե հանկարծ ինչ-որ հրաշքով այդ պահանջը վերցնես, ի՞նչ կմնա նրանց։
Իրավիճակը հիշեցնում է հրեական հին անեկդոտը. երբ Ռաբինովիչին առաջարկում են պահարան գնել, նա տարակուսում է՝ ինչի՞ համար։ Իսկ երբ ասում են, որ պահարանում կարող է կախել իր կոստյումը, Ռաբինովիչը է՛լ ավելի է զարմանում. «Իսկ ինչ է, ինքս պիտի մե՞րկ շրջեմ»։
Լսում ես միտինգային ելույթներն ու ապշում. լավ, ինչքա՞ն կարելի է խոսել ժողովրդի անունից։ Մի՞թե սրանք լրջորեն կարծում են, թե այդ կերպ կշահեն մարդկանց համակրանքը։ Ի դեպ, Ստալինը ժողովրդականության հետ կապված խնդիրը լուծում էր գրչի մի շարժումով։ Իր կենսագրության մեքենագիր օրինակը (որի առաջին տարբերակը պատրաստել էր ընկեր Ադորատսկին) առաջնորդը, ինչպես վկայում են փաստաթղթերը, կարդաց չափազանց ուշադիր։ Այնտեղ գրված էր. «Ստալինը՝ Լենինն է այսօր»։ Առաջնորդը սեփական ձեռքով շտկում կատարեց. «Ստալինը՝ Լենինն է այսօր, ինչպես ասում է մեր ժողովուրդը»։ Ստալինյան քարոզչությունը փայլուն կերպով աշխատում էր մեկ նպատակի ուղղությամբ. առաջնորդի եւ ժողովրդի փոխադարձ սիրո։
Սակայն մեր ժամանակներում նման ֆոկուսներն արդեն չեն անցնում։ Զանգվածները մերժում են քարոզչական ցանկացած հնարք, եթե իրենց սեփական փորձը հակառակն է փաստում։ Նման տրամադրությունները անգլիացի քաղաքագետ Դանիել Սինգերը արտահայտել է հետեւյալ խոսքերով. «Գրողի ծոցը ձեր քարոզչությունը. եթե այն, ինչ առաջարկում եք մեզ, միակ հնարավոր ապագան է, ապա ավելի լավ է ընդհանրապես ապագա չունենալ»։
Եթե հավատանք Տեր-Պետրոսյանին, ապա ստացվում է, որ նեոբոլշեւիկները, գնալով իշխանության հետ երկխոսության, պարզապես հետաձգեցին հեղափոխությունը, հնարավորություն տալով հակառակ կողմին հեռանալ հոժարակամ։ Գրեթե ինչպես Տրոցկին, որը ժամանակին գործածության մեջ դրեց «հետաձգված հեղափոխություն» տերմինը՝ 1906 եւ 1914 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի իրադրությունը նկարագրելիս։ Իսկ ինչպե՞ս են նրանք այսօր պատրաստվում հասնել նպատակին։ Ինչպես ցույց տվեցին երեկվա ելույթները, «հեղափոխական» տեսաբանները քարոզում են անմիջական գործողության ակցիաների միջոցով ռեժիմին «քաղաքացիական-հասարակական» դիմադրություն ցուցաբերելու գաղափարը։ Գործնականում դա նշանակում է, որ փոքրիշատե նկատելի ցանկացած բողոք անհապաղ հայտարարվում է հակաիշխանական եւ նույնիսկ «հեղափոխական». լինի դա բանակում զոհված զինվորների մայրերի ակցիա, կրպակատերերի բողոք, բնակիչների ելույթ՝ իրենց բակում էլիտար շենքի շինարարության դեմ, թե, ասենք, բնապահպանների միջոցառում։
Խոսք չկա, ներկա իրականության մեջ բազմաթիվ են երեւույթները, որոնց դեմ պետք է պայքարել, դուրս գալ փողոց եւ նույնիսկ action կազմակերպել։ Բայց մի բան է, երբ մարդիկ պաշտպանում են իրենց կոնկրետ շահը. կարեւոր չէ՝ արդարացիորեն թե ոչ, հասնելով ինչ-որ արդյունքի կամ մնալով ձեռնունայն։ Եվ միանգամայն այլ բան է, երբ բողոքը սադրում եւ ուռճացնում են արհեստականորեն, առավել եւս՝ փորձում արհեստականորեն միավորել միանգամայն տարբեր առիթներով բողոքողներին։ Ոչ ոք ինձ չի համոզի, թե պետության հիմքերի սասանումը, առավել եւս՝ իշխանափոխությունը անհապաղ կազատեն երկիրը կոռուպցիոներներից, թալանչիներից ու բանդիտներից։ Առանձին վերցրած անձանց տապալումը ոչ մի դեպքում չի հանգեցնի օլիգարխական պետության վերացման կամ ներկայիս կարգերի կազմաքանդման։
«Հեղափոխության», այսինքն՝ իշխանափոխության հաղթանակը նախեւառաջ կհանգեցնի մրցակցային օլիգարխիայի վերականգնման, որը սակայն բավական արագ կսկսի փոխակերպվել կոնսենսուսայինի։ Ոչ մի «ժողովրդավարություն» եւ ոչ մի բռնապետություն, հենց օլիգարխիա եւ հենց կոնսենսուսային։ Եվ ի՞նչ. կանչենք բուքմեյքերներին ու խաղադրո՞ւյք կատարենք. ով առաջինը կվառի լուցկին։ Նեոբոլշեւիկների ուղեղին ամեն ինչ դանդաղ է հասնում, ինչպես ընձուղտին։ Բայց մեծագույն երջանկություն է, որ վաղ թե ուշ այնուամենայնիվ հասնում է։ Դրա համար էլ բառացիորեն երկու բառ որպես վերջաբան։ Բավական է վախեցնել համաքաղաքացիներին մտացածին սարսափներով։ Աշխարհը չի կարող գոյություն ունենալ անտիկ ողբերգության շրջանակներում։ Եվ մարդիկ ոչ միայն մահանում, այլեւ ծնվում են, փա՜ռք քեզ, Աստված։ Եվ խաղով ամբողջությամբ տարված ծեր տղայի ինքնագոհ, գռեհիկ հիստերիան թեեւ կարող է նողկանքի րոպեական նոպա առաջացնել, բայց ընդունակ չէ իրենով փոխարինել ամեն ինչը։ Մանր ալիքներով կաղճատի իրականությունն ու կանցնի, կտարրալուծվի։
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ