Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-09-09 17:52
Հասարակություն

Սա իմ առաջին բարձունքն է

Սա իմ առաջին բարձունքն է

Սեպտեմբերի 10-ին «Վորլդ Վիժն Հայաստանը» Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների, մանկատան սաների և մարզերում բնակվող պատանիների համար արշավ է կազմակերպում դեպի Արագած լեռը: Արշավի կարգախոսն է` «Սա իմ առաջին բարձունքն է»:

Արշավը նպատակ ունի իշխանությունների և հասարակության ուշադրությունը հրավիրել Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը: Արշավի մասնակիցները վաղ առավոտյան կմեկնեն Երևանից, 2800 մետր բարձրության վրա կմասնակցեն ճաշին և տոնակատարություններին, որոնց ընթացքում կստանան մրցանակներ` հուշանվերների տեսքով:

Ինչպես հայտնեցին «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունից, երեխաներին կուղեկցի Սպիտակ փրկարարական ջոկատը, որի մասնագետները նախապես մարզել են երեխաներին` Արագածի բարձունքը հաղթահարելու համար: Ուղեկիցների թվում կլինի Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ներկայացուցիչ Նարեկ սարկավագը, ով կօրհնի երեխաներին:

Մասնակիցները կոչ են անում հասարակությանը` երեխաների հանդեպ ավելի սրտացավ և հոգատար լինել, ծնողներին՝ երեխային չզրկել քնքշանքից և ընտանեկան ջերմությունից: Իրենց կյանքում առաջին նվաճած բարձունքը պատանիները նվիրում են անկախ Հայաստանում ապրող բոլոր երեխաներին` նրանց առողջությանն ու ապահովությանը:

«Մեր վերելքով կոչ ենք անում ներդրում անել կրթության, երեխաների առողջության և սոցիալական պաշտպանության ոլորտներում: Թող Հայաստանի յուրաքանչյուր երեխա իր կյանքում ունենա բազում վերելքներ»,- ասվում է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի տարածած հաղորդագրության մեջ: