Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ելույթ է ունեցել Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովին:
Ներկայացնելով Հայաստանի թվային օրակարգը՝ վարչապետն ընդգծել է, որ թվային վերափոխումը, մեր ընկալմամբ, ոչ միայն քայլ է դեպի տեխնոլոգիական առաջընթաց, այլև միակ հնարավորությունն է՝ կարճ ժամանակահատվածում դառնալու արդյունավետ կառավարմամբ և տնտեսությամբ երկիր, ու այստեղ մեզ համար այլընտրանքներ չկան:
«Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ակտիվ զարգանում է: Վերջին տարիներին այս բնագավառում մենք տարեկան ունենում ենք շուրջ 25 տոկոս աճ: Մենք դեռ չենք ամփոփել անցյալ տարվա արդյունքները, բայց ակնկալում ենք մոտ 28-30 տոկոս աճ», - նշել է Կարեն Կարապետյանը:
Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաև կրթական ոլորտին՝ նշելով, որ Հայաստանի բոլոր, անգամ հեռավոր շրջանների դպրոցներում շախմատը որպես ուսումնական առարկա է դասավանդվում, ինչպես նաև ուսուցանվում են ռոբոտատեխնիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ, իսկ այս տարվանից՝ բիզնես և ֆինանսներ: Կարեն Կարապետյանը խոսել է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին՝ նշելով, որ 2016 թվականին այն աշխարհի լավագույն նորարարական դպրոց է ճանաչվել, և ներկայում կենտրոնն ընդլայնվում է ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս: Վերջերս Փարիզի քաղաքապետարանն է հայտարարել իրենց մոտ նման կենտրոն բացելու մասին:
Անդրադառնալով Հայաստանի թվային օրակարգին՝ վարչապետն ասել է, որ ներկայում թվային արագընթաց առաջխաղացումն իրականացվում է թվային փոխակերպման 6 հիմնական ուղղություններով՝
• թվային կառավարություն
• թվային հմտություններ
• ենթակառուցվածք
• կիբերանվտանգություն
• մասնավոր հատված
• ինստիտուցիոնալ հիմքեր:
«Ազգային թվային օրակարգի առաջխաղացման արդյունավետ համակարգման նպատակով Հայաստանի կառավարությունը 2017 թվականին հիմնել է «Թվային Հայաստան» հիմնադրամը, մշակվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030 թթ.» զարգացման ծրագիրը: Թվային օրակարգի համաձայն՝ մինչև 2030 թ. «պետություն-բիզնես» ծառայությունների գծով մտադիր ենք հասնել 100 տոկոսանոց ցուցանիշի և 80 տոկոսանոց թվային փոխգործակցության «պետություն-բիզնես» ծառայությունների գծով»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:
Համաժողովին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարներ, ՏՏ ոլորտի միջազգային փորձագետներ ու մասնագետներ: