կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-01 12:48
Հասարակություն

Ինչ-որ մութ ուժեր իմ դեմ դավեր են նյութում. ոստիկանապետը նյարդայնացած է

Ինչ-որ մութ ուժեր իմ դեմ դավեր են նյութում. ոստիկանապետը նյարդայնացած է

«Իմ հրաժարականի մասին մինչ այս պահը որեւիցե խոսք, որեւիցե առաջարկ, որեւիցե ակնարկ չի եղել. ես իմ գործն իրականացնում եմ, ես իմ աշխատանքին եմ, եւ նման տրամադրություն կամ նման աժիոտաժ մեզ մոտ չկա»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին, հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` հավելելով, թե «ընդհանրապես չգիտի` որտեղից են այդ խոսակցությունները դուրս պրծնում»:

Դիմելով լրագրողներին` ոստիկանապետը շարունակեց. «Չգիտեմ` ինչի՞ց հետո եք եզրակացնում, որ ամեն պահի, նշանակմանս օրից ուղիղ երեք օր հետո դուք խոսում եք հրաժարականի մասին: Ես հասկանում եմ` այս ամեն ինչի հետեւում ինչ-որ ուժեր կան, ինչ-որ մարդիկ կան, որոնք փորձում են ավելորդ տրամադրություն ստեղծել` առաջինը` մեր համակարգում, երկրորդը` հասարակության շրջանում: Ես մինչ էդ հումորով էի վերաբերվում, հիմա էլ եմ շարունակում վերաբերվել, բայց ոչ հումորով, արդեն անտարբերության եմ մատնել այդ խոսակցությունները»,- նշեց նա` լրագրողներին խորհուրդ տալով հանգիստ մնալ` երբ հրաժարական տալու օրը գա, եւ ինքը գտնի, որ դրա կարիքը կա, հրաժարական կտա, բայց այս պահին դրա կարիքը չի տեսնում:

«Հանրապետության ղեկավարությունը կորոշի` ես իմ տեղում շարունակելո՞ւ եմ աշխատել, թե՞ չէ, ոչ թե ինչ-որ մութ ուժեր, որոնք ներքին կարգով տարբեր դավեր են նյութում, իմ հեղինակությունը փորձում են խաթարել: Ես կարծում եմ, որ դրանով չի իմ հեղինակության խնդիրը լուծվելու, հրաժարական տալը դեռեւս մարդու հեղինակության մասին չի խոսում»,- հավելեց ոստիկանապետը: