Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի Հայ Համայնքը կոչ-հայտարարությամբ դիմել է Վրաստանի Հանրային Պաշտպանին` Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցի հայկական բաժնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Վրաստանի Հայ Համայնքը Վրաստանի Հանրային Պաշտպանին կոչ է անում ուշադրություն դարձնել եւ ուսումնասիրել ՎՀՀ-ի արձանագրած` նշված դպրոցի հայկական բաժնում դպրոցի տնօրինության կողմից իրականացված խտրականության բազմաթիվ փաստերին: ՎՀՀ-ն նաեւ խնդրում է ուսումնասիրել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ բաժնում տիրող իրավիճակի առնչությամբ:
2010-2011 թ.թ. Վրաստանի Հայ Համայնքը հետեւել է Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցի հայկական բաժնում տիրող իրավիճակին: ՎՀՀ-ն արձանագրել է դպրոցի տնօրինության կողմից բաժնի խտրականության բազմաթիվ փաստեր եւ մարդու իրավունքների խախտումներ:
Վրաստանի Հայ Համայնքը Վրաստանի Հանրային Պաշտպանին է ուղարկել Թբիլիսիի թիվ 103 դպրոցի հայկական բաժնում իր կողմից արձանագրած խտրականության դեպքերի փաստերը: ՎՀՀ-ն հույս ունի, որ տվյալ փաստաթղթերը կօժանդակեն Վրաստանի Հանրային Պաշտպանին տվյալ հարցի ուսումնասիրման ընթացքում: Հայտարարությունում ասվում է, որ Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցի տնօրինությունը, բացի հայկական բաժնում խտրականությունից, թույլ է տվել բազմաթիվ վարչարարական, ֆինանսական, էթիկական եւ այլ խախտումներ:
Դիմումում նաեւ թվարկված են դպրոցի տնօրինության կողմից իրականացված խտրականության փաստերը, այդ թվում. դասերի մեծ մասը ռուսերեն լեզվով անցկացնելը; բաժինը լուծարելու բազմաթիվ փորձերը; երեխաներին դպրոցի հայկական բաժնի առաջին դասարանում գրանցվելուն խոչընդոտելը; ծնողների նկատմամբ ճնշումը` երեխաներին վրացական բաժին տեղափոխելու նպատակով; լուծարված ռուսական բաժնից հայկական բաժին փոխադրվելը մերժելը; հայկական 3-րդ դասարան բացելը մերժելը; սպառնալիքները, որ տարրական դասարաններում միայն մեկ` հայոց լեզու առարկան կանցկացվի հայերեն, իսկ մնացածները` ռուսերեն կամ վրացերեն լեզվով; հայկական բաժնի ուսուցիչների նկատմամբ մշտական հոգեբանական ճնշումը; աշխատանքային անհավասար պայմանների ստեղծումը (ռուսական եւ վրացական բաժինների համեմատությամբ); ոչ կոմպետենտության համար մշտական մեղադրանքը; հայկական բաժնի ուսուցիչների աշխատանքային ժամերի կրճատումը; հայկական բաժնի 18 ուսուցիչներից 9-ին աշխատանքից ազատելը իրենց վճարովի արձակուրդի ժամանակ` հիմնավորելով հայոց լեզվի դասաժամերի կրճատմամբ եւ այլն:
Դիմումի պատճենն ուղարկվել է Վրաստանի Նախագահին, Կրթության եւ գիտության նախարարին, Վրաստանի Խորհրդարանի նախագահին, Վրաստանի վարչապետին, Վրաստանում ՄԱԿ-ի եւ Եվրամիության ներկայացուցչություններ:
Անցյալում Վրաստանի Հայ Համայնքը բազմաթիվ անգամներ նամակներով եւ կոչերով դիմել է Վրաստանի Հանրային Պաշտպանին ու Կրթության եւ գիտության նախարարությանը` ուշադրություն դարձնել եւ դադարեցնել Թբիլիսիի հանրային դպրոցների հայկական բաժիններում տիրող խտրականությունը: Սակայն այս գերատեսչությունների կողմից ոչ մի արձագանք չկա, եւ դպրոցներում իրավիճակը միայն վատթարանում է:
Վրաստանի Հայ Համայնքը հույս ունի, որ Վրաստանի Հանրային Պաշտպանը կուսումնասիրի Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցի հայկական բաժնում արձանագրված խտրականության փաստերը եւ համապատասխան միջոցներ կձեռնարկի:
“Վրաստանի Հայ Համայնքի” մամուլի ծառայությույն