Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը իր առաջին մարզումն անցկացրեց Եվրո-2012-ի ընտրական փուլի` Անդորրայի եւ Սլովակիայի հավաքականների դեմ խաղերից առաջ:
Մարզումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը խոսեց թիմի առջև դրված խնդիրների մասին, որոնցից առաջինը` Անդորրայի հավաքականին հաղթելն է: Նաեւ խոսեց հավաքականի կորուստների մասին, մասնավորապես հայտնելով, որ Ռոբերտ Արզումանյանը ստացված վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել վերոնշյալ հանդիպումներին: Խոսվեց նաեւ հավաքականի նորեկ` ռուսական «Ուրալի» պաշտպան Դենիս Թումասյանի մասին, որն ,ըստ գլխավոր մարզչի, վաղը կժամանի Երեւան եւ կնախապատրաստվի Անդորրայի դեմ խաղին:
Սպասվող հանդիպումների մասին հարցեր ուղղեցինք նաև հավաքականի ֆուտբոլիստներից մի քանիսին: Դարպասապահ Ռոման Բերեզովսկին, մասնավորապես, ասաց. «Անդորրայի հավաքականի դեմ հանդիպումից առաջ հավատում և մեծ հույսեր եմ կապում, որ կկարողանանք հաղթել և 3 միավոր վաստակել, իսկ Սլովակիայի դեմ կփորձենք քաղել առավելագույնը, որպեսզի մինչև վերջ մնանք պայքարի մեջ: Իմ առողջական խնդիրներն արդեն անցյալում են, մեջքս ինձ այլևս չի անհանգստացնում»:
Մարկոս Պիզելլին նույնպես հավատում էր մեր հաջողությանը. «Առաջին հերթին պետք է երեք միավոր վաստակենք, հետո մտածենք մեր հնարավորությունների մասին: Կարևորը առաջիկա խաղում հաղթանակն է: Հիմա գտնվում եմ լավ մարզավիճակում, չունեմ որևէ վնասվածք»:
Հայաստանի հավաքականի գլխավոր հարձակողական ուժը համարվող Յուրա Մովսիսյանի տրամադրությունը առաջիկա խաղերից առաջ նույնպես լավ էր:
«Իմ կարծիքով` մեզ համար շատ լավ է ամեն ինչ ավարտվելու: Երկու հավաքականների հետ էլ խաղացել ենք և գիտենք, թե ոնց հաղթենք նրանց: Չեմ կարծում, թե ինչ-որ մի բան կարող է խանգարել մեզ»,- ասաց հարձակվողը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը որակազրկված է և չի կարողանա օգնել հավաքականին Անդորրայի հավաքականի դեմ խաղում, սակայն Յուրան կխաղա Բրատիսլավայում` Սլովակիայի դեմ: Նա վստահությամբ հայտարարեց, որ Հայաստանի հավաքականն առանց իր օգնության էլ կկարողանա հաղթանակ տանել Անդորրայի նկատմամբ:
Հավելենք, որ Հայաստանի հավաքականն իր ընտրական երկու հանդիպումներն էլ կանցկացնի մրցակիցների հարկի տակ: Նախ` սեպտեմբերի 2-ին կհյուրընկալվի Անդորրային, այնուհետև` սեպտեմբերի 6-ին` Սլովակիային:
Ռազմիկ Հովհաննիսյան