կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-26 12:01
Առանց Կատեգորիա

Արդեն հոգնել են ջրի վրա ապրելուց

Արդեն հոգնել են ջրի վրա ապրելուց

Երեւանում կա մի թաղամաս, որտեղ մարդիկ բնակվում են ջրերի վրա: Սեւանի փողոցի մի հատվածում տները կառուցվել են դեռեւս 1930-ական թվականներին, որտեղ անցյալում պահպանված է եղել Գետառից մինչեւ շինություն 7-10 մետր պարտադիր հեռավորություն պահպանելու մասին նորմը: Իսկ ներկայումս բնակտարածք է դարձել նաեւ Գետառը:

Նկատենք, որ այդ հատվածում գրեթե ամեն գարնանը Գետառը վարարում եւ անարգել մուտք է գործում մարդկանց բնակարարններ: Դեռեւս 1985 թվականին այս տարածքում բնակիչների հաշվառումից հետո, մշակվել էր ծրագիր, որի համաձայն տարածքի տները պետք է քանդվեին, իսկ մարդկանց ապահովեին բնակարաններով:

Ըստ ծրագրի` նախատեսվում էր ազատել գետի ափամերձ տարածքի շինությունները, գետի հունը լայնացնել` վարարումները կանխելու նպատակով: Սակայն արդեն 26 տարի է, ինչ չի իրականացվել այդ ծրագիրը: Բնակիչները այլ ելք չտեսնելով` աստիճանաբար սկսել են առաջ շարժվել դեպի գետը, եւ այսօր դարձել են, կարելի է ասել, ջրաբնակներ, ինչը բնավ էլ հաճելի կարգավիճակ չէ, եթե նկատի ունենանք, որ Գետառը մայրաքաղաքի տարբեր հատվածներից հավաքած-բերած աղբի, կոյուղաջրերի կեղտաջրերի «հայրենիքն» է:

Սեւանի փողոցի` Գետառին կից տների վիճակն այսօր էլ ծայրահեղ է: Այս գարնանն էլ տեղացած հորդառատ անձրեւներն իրենց հերթին խառնվելով Գետառի ջրերին` առաջացրել էին հեղեղ ու լցվել հարակից բնակարանները: Փողոցի բնակիչները «Երկիր»-ին պատմեցին, որ արդեն 20 տարի է` Գետառը չի մաքրվում աղբից:

Սվետլանա Հարությունյանը հիշում է. «Գետառը խորհրդային տարիներին էր ուշադրության արժանանում: Գալիս էին մաքրում եւ այնպիսի ուշադրություն էին դարձնում, ինչպես այժմ կենտրոնն է: Իսկ հիմա քաոս է»: Տիկին Հարությունյանը նաեւ շեշտեց, որ Գետառը իրենց առանձնապես նեղություն չի տալիս, եթե նրա վրա գտնվող հիմնարկների, շինությունների սեփականատերերի վրա հսկողություն սահմանվի եւ շինարարական աղբը չլցնեն գետը: «Փեթակ» առեւտրի կենտրոնի մոտ կա ավտոլվացման կետ եւ օրվա ընթացքում մի քանի անգամ զգում ենք բենզինի ու տարբեր քիմիական նյութերի հոտեր»,- ասում է Սվետլանան` հավելելով, որ այդ տարածքի բոլոր բնակիչներն են իրենց աղբը թափում գետը, քանի որ աղբահանություն չի իրականացվում. «Աղբի մեքենան այստեղով ընդհանրապես չի անցնում, չկա ոչ մի հարմարություն, որ մարդիկ ստիպված աղբը չլցնեն Գետառը: Սա այն դեպքում, երբ մենք վճարում ենք աղբահանության համար: Իսկ եթե չվճարեինք` երեք տարի առաջ սեփականաշնորհման ժամանակ մեծ խնդիրների առաջ կկագնեինք»:

Այս փողոցի բոլոր բնակիչներն էլ ահ ու սարսափով են դիմավորում հերթական անձրեւը եւ նրանց համար այն սարսափ ֆիլմ է հիշեցնում: Թոշակառու, երկրորդ կարգի հաշմանդամ Աննա Սաֆարյանը հուզումով պատմում էր, թե ինչպես է այս գարնանը իր բնակարանը դժվարությամբ մաքրել տիղմից. «Ջուրը պատուհանից լցվում է ներս: Մենք օգնություն էինք կանչում եւ ոչ ոք չէր արձագանքում: Բնակարանս ամբողջովին խոնավության մեջ է, առողջություն էլ չունեմ` սկսվում է հոդերի բորբոքումով, վերջանում աղերի կուտակումով: Ո՛չ օգնող կա, ո՛չ էլ հարեւաններն են առաջվանը»:

«Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» առակի հայտնի տողերի մեջբերումով մեր զրուցակիցը ասաց, որ եթե հնարավոր լիներ, ինքն էլ շատերի պես կլքեր հայրենիքը: Երկու մանկահասակ երեխաների մայր, 30-ամյա Գ.-ն մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր երեխաները հաճախակի են հիվանդանում: «Բոլորիս տներն էլ խոնավության մեջ է: Բնակիչները ժամանակ առ ժամանակ սեփական միջոցներով են փորձում հնարավորին չափ մաքրել գետը, բայց այն հնարավոր չէ»,- ասում էր բնակչուհին:

Նա մեզ հայտնեց, որ բոլոր բնակիչների անունից բազմիցս դիմել է թե՛ թաղապետարան, թե՛ քաղաքապետարան, բայց ապարդյուն: «Արդեն հոգնել ենք դիմելուց: Բոլոր դիմումներն ունեմ իրենց պատասխաններով. «գարուն, ամառ, աշուն, ձմեռ», ու այդպես շարունակ եւ ոչ մի լուծում: Երկու հոգի սիմվոլիկ ուղարկում են, աչքներիս թոզ են փչում, թե ինչ-որ բան արեցինք, բայց երկու հոգին ի՞նչ պետք է անեն այս հսկայական աղբը հանելու համար»,- դժգոհում էր նա:

Տիկին Ա.Գ.-ն հավելեց, որ թաղապետարանից ասել են, թե բնակիչներից ոմանք դեմ են Գետառի մաքրման աշխատանքներին, քանի որ շինություններ ունեն դրա վրա: Զրուցակիցս այդքան էլ վստահ չէ, որ այդ պատճառաբանությունը համապատասխանում է իրականությանը եւ չի կարծում, որ մաքրման աշխատանքները կիրականացվեն առանց այդ կառույցները վնասելու:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության բաժնի պետի տեղակալ Սանասար Մուրադյանը մեզ հայտնեց, որ նախորդ տարի նշված հատվածում մաքրման աշխատանքներ իրականացվել են: Մի խոսքով` Սեւանի փողոցի խնդիրը պահանջում է անհապաղ լուծում եւ հարկավոր է համատեղ ջանքերով կանխել աղետը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Գալուստ ՆԱՆՅԱՆ