Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
Ստեփանակերտցի դպրոցական Ադելինա Ավագիմյանի` Իլհամ Ալիեւին հասցեագրած նամակն, ըստ երեւույթին, ադրբեջանական հասարակության մեջ բանավեճի տեղիք է տվել:
«Ենի Մուսավաթ»-ի թղթակիցը հանդիպել է «Մալիբեկլուից փախստական» Այդնան Թաղիզադեին: Վերջինիս արձագանքի ամենաբնորոշ հատվածն այս է. «Ղարաբաղը մեր հոգին է, մենք ադ հողերի կորստյանը չենք համակերպվելու: Մեր արյան գնով էլ լինի, Ղարաբաղը վերցնելու ենք, ժամանակը որ գա` Մուբարիզ Իբրահիմովի նման մեր հերոսները ոտքի են կանգնելու: Այսօր մենք հանգիստ կանգնած, կողքից դիտող ենք, վաղը ոտքի ենք կանգնելու: Մեր նախագահ Իլհամ Ալիեւը, եթե բանակի գլուխն անցնի, դեպի առաջ մի քայլ անի, մեր քաջ տղաները նրա թիկունքին են լինելու»:
Որքան էլ խմբագրված` Այդան Թաղիզադեի «երազանքը» հավանաբար առնվազն նրա հասակակիցների շրջանում տիրող ընդհանուր տրամադրվածության արտահայտություն կարելի է համարել` որ Իլհամ Ալիեւը «գնա առջեւից, իսկ քաջ տղաները նրա թիկունքում լինեն»: Փաստորեն ադրբեջանական երիտասարդությունը պահանջում է, որ Իլհամ Ալիեւը, եթե պատերազմել է ուզում, լինի «առաջավոր գծում, անձամբ իր օրինակով ոգեւորի»:
Իր «երազանքում», սակայն, նա խաբված է. Իլհամ Ալիեւը Ղարաբաղյան պատերազմի տարիներին նույնիսկ Ադրբեջանում չի գտնվել: Ընտանիքով ապրել է Ստամբուլում, եղել գիշերային ակումբների եւ խաղատների մշտական այցելու: Եվ անիմաստ է սպասել, որ նա «առաջնորդելու է քաջ տղաներին»: Ընդհակառակը, նա ամեն ինչ անում է, որ իր ընտանիքը բանակին ոչ մի առնչություն չունենա:
Մոտ ժամանակներս խորհրդարանը փոփոխություն կկատարի «Զինապարտության մասին» Ադրբեջանի օրենքում, եւ «ծնողների միակ արու զավակները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից»: «Պատերազմի նախապատրաստվող երկիրն ինչո՞ւ է իրեն նման շռայլություն թույլ տալիս»,- լսելով այս մասին` հավանաբար կզարմանա «Մելիբեկլուից փախստական» Այդան Թաղիզադեն: Ադրբեջանում, իհարկե, ոչ ոք չի համարձակվի ասել իշխանությունների շահագրգռվածության իրական պատճառը: Մնում է, որ մենք օգնենք.
- Սիրելի' Այդան, դու կարող ես բացել քո երկրի նախագահի պաշտոնական կայքէջը` www.president.az եւ «Նախագահի ընտանիքը» բաժնում կարդալ, որ Իլհամ Ալիեւն ունի երեք զավակ` երկու դուստր եւ որդի, որին տրվել է պապի անունը: Նա ծնվել է 1992թ. եւ, ըստ օրենքի, պետք է արդեն զորակոչված լիներ զինվորական ծառայության: Ահա դրա համար էլ հարկ է օրենքում փոփոխություն կատարել, որպեսզի կրտսեր Հեյդար Ալիեւի բանակ չզորակոչվելն արդարացվի նրա` ծնողների միակ արու զավակը լինելու հանգամանքով:
Կարծում ենք, որ քեզ համար արդեն պարզ պիտի լինի, որ քո երկրի նախագահը չի ուզում հանուն «Ղարաբաղը վերցնելու» հեղել իր որդու արյունը: Քեզ խորհուրդ ենք տալիս հետեւել նրա օրինակին. եթե Մուբարիզ Իբրահիմովի քայլն, իրոք, հերոսական եւ ընդօրինակելի լիներ, ապա Իլհամ Ալիեւն իր որդուն բանակում ծառայությունից չէր ազատի, այլ կուղարկեր շփման գծի որեւէ զորամաս:
Վահրամ Աթանեսյան, Ստեփանակերտ