Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջմարզային երթուղայինների կայանումը Երեւանում սահմանափակելու` Երեւանի քաղաքապետի որոշման դեմ բողոքները բոլոր մարզերից են, սակայն Գավառի երթուղայիններից օգտվողների դժգոհություններն առավել արդարացված են:
Տարիներ ի վեր Գավառ-Երեւան միկրոավտոբուսային չվերթի մեկ տոմսի արժեքը 800 դրամ էր: Երթուղայինի վերջին կայանը Երեւանում Ռայկոմն էր: Ամիսներ առաջ մրցույթում հաղթած «Գավառտրանս» ՍՊԸ-ն սահմանեց նոր գին` 600 դրամ, կայանն էլ փոխվեց` հասնելով ԳՈՒՄ-ի շուկայի մերձակայք: Օրեր անց գինը բարձրացվեց 700 դրամ: Քաղաքապետի վերը նշված որոշումից հետո արդեն սահմանվեց 1000 դրամ:
Ուշագրավ է, որ տոմսի արժեքը բարձրացվեց հեռավորության կրճատմանը զուգընթաց. այժմ մեքենաները ոչ թե ԳՈՒՄ են հասնում, այլ Հյուսիսային ավտոկայան: Տրանսպորտի նախարարության հայտարարած` լիցենզիաների տրամադրման մրցույթում առավելությունը տրվում է այն մասնակիցներին, որոնք ուղեւորափոխադրման համար սահմանում են նվազագույն գին:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ «Գավառտրանս» ՍՊԸ-ն հաղթել է միաժամանակ 2 մրցույթում` «Երեւան-Գավառ-Երեւան» չվերթը` 303 համարի երթուղով (500 դրամ) եւ «Գավառ-Երեւան-Գավառ» չվերթը` 326 երթուղով (1000 դրամ): 500 դրամ արժեցող տոմս գնելու դեպքում պետք է ուղեւորները ճանապարհ ընկնեն առավոտ կանուխ, հակառակ դեպքում՝ տոմսը կարժենա 1000 դրամ:
Նշենք, որ մեքենաները, որոնք կատարում են ուղեւորափոխադրումները, պատկանում են 303 երթուղուն, այդ թիվն է փակցված «ԳԱԶել» մակնիշի մեքենաների ճակատին, և դրանց տոմսերը պետք է արժենային 500 դրամ: Ուշագրավ մեկ հանգամանք եւս. եթե նույն լիցենզավորման հանձնաժողովը խելամիտ է համարել Երեւան-Գավառ չվերթը 500 դրամով կազմակերպելը, ապա ի՞նչ հիմնավորումով է նույն ընկերության 1000 դրամ սակագնով հայտը եւս բավարարել: Ճանապարհը նույնն է, իսկ մեքենաներն օրվա բոլոր ժամերին էլ շարժվում են ծանրաբեռնված: Ստացվում է` տրանսպորտի եւ կապի նախարարությունը թույլ է տալիս ընկերությանը ստանալ գերշահույթ:
Ամեն օր ավելի քան 10 միկրոավտոբուս է ժամանում Երեւան, նույնքան էլ վերադառնում է Գավառ: Յուրաքանչյուր ավտոբուս տեղավորում է մինչեւ 20 ուղեւոր: Փաստորեն, օրական առնվազն 400 ուղեւոր է տեղափոխում: Ստացվում է, որ յուրաքանչյուր ուղեւորի հաշվին աշխատելով 500 դրամ` օրական 200 հազար դրամի գրպանում է կատարվում: Իսկ ուղեւորներն էլ, որ մինչ այդ ԳՈՒՄ-ի մերձակայքից էին նստում Գավառ մեկնող երթուղայինը, այժմ ստիպված են Երեւան-Աբովյան երթուղայինով հասնել ավտոկայան` լրացուցիչ 200 դրամ վատնելով:
Նշենք, որ Երեւան-Գավառ-Երեւան չվերթը, ըստ տեղեկությունների, պատկանում է Գավառի քաղաքապետին, որը ՄԱԿ կուսակցության անդամ է:
Սուրեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ