Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արարատի մարզ գնացող ավտոբուսում հարմար տեղավորվել էին Եհովայի վկաները եւ փորձում էին ուղեւորներին «ճիշտ հավատքի» բերել: Ամեն ինչ շատ բնական եւ հանգիստ էր ընթանում հանրային տրանսպորտում քարոզչություն անողների համար, այնքան, որ նրանցից մեկը նախ ինչ-որ գրքույկ նվիրեց մի տղամարդու, իսկ հետո սկսեց համոզել, որ տղամարդը սխալ ուղու վրա է եւ պետք է դարձի գա:
«Ամեն չորեքշաբթի մեքենայով մի կին եւ տղամարդ են գալիս մեզ մոտ եւ սկսում դռնեդուռ ընկնել եւ մարդկանց համոզել: Բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում, բայց ոչ ոք ինչ-որ քայլ չի ձեռնարկում»,- նշեց Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակչուհիներից մեկը` ավելացնելով, որ Եհովայի վկաներն օրեցօր միամիտ գյուղացիներով համալրում են իրենց շարքերը:
«Գիտե՞ք` ինչն է հետաքրքիր, որ արդեն բոլորին դեմքով եւ անունով ճանաչում են իրենք, բայց, մեկ է, կրկին գալիս եւ սկսում են համոզել: Դե արի, բացատրի, որ եթե անցած շաբաթ ասել ես, որ չես ուզում իրենց լսել, չի նշանակում, որ եկող շաբաթ սիրով իրենց ես սպասելու: Նադայել են արել, իրանց պատճառով չորեքշաբթի օրերը տան դուռը փակ եմ պահում»,- ասաց Դիտակի բնակիչը:
Նա անգամ կատակով նշեց, որ, չնայած լրագրող տեսնելիս միշտ իրենց գյուղի վաղեմի դարդերն էին պատմում` բնական գազ չունենալու հետ կապված, սակայն այժմ այն վիճակին են հասել, որ դա այնքան էլ իրենց չի մտահոգում: «Գազը հեչ, գոնե գիտեմ, որ ձմեռը մի կերպ փայտով էլ յոլա կտանենք, բայց որ մտածում եմ, որ հեսա չորեքշաբթի օրը Եհովայի վկաները էլի գալու են գյուղ, սրտիցս արյուն ա գնում. մի օր էս մեր գյուղը կործանվելու ա»,- պարզաբանեց գյուղացին:
Իսկ ահա հարեւան Ջրաշենում արդեն կա գյուղացիների մի հոծ զանգված, որոնք դարձել են Եհովայի վկա: Ջրաշենցիները բողոքում են, որ Եհովայի վկաներն այնքան են գնացել-եկել, որ հիմա նույնիսկ գալիս են տներ եւ անուններով կանչում իրենց, որ չձեւացնեն, թե տանը մարդ չկա:
«Հիմնականում խեղճ ապրող ընտանիքներին են համոզում եւ սկզբում անգամ ինչ-որ օգնություն են տալիս: Խնդրում ենք թե' գյուղապետին (չնայած նա շատ լավ գիտի իրավիճակի մասինՃ եւ թե' քաղաքի հոգեւոր այրերին, թող ինչ-որ քայլեր ձեռնարկեն: Մենք մեզ համար չէ, մեր երեխաների համար ենք վախենում»,- ասաց Ջրաշեն գյուղի բնակիչներից մեկը` հավելելով, որ եթե այսպես շարունակվի, կառավարության շենքի առջեւ մի օր էլ իրենք են հայտնվելու` «Մեզ հանգիստ թողեք, Եհովայի վկաներ» պահանջով:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ