|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Մինչ պաշտոնական Երեւանը համառում էր հայ-թուրքական արձանագրություններից ստորագրությունը հետ կանչելու հարցում, դրանց քննարկման հարցը հանվեց թուրքական խորհրդարանի օրակարգից: Այսպիսով, Անկարան շրխկացրեց դուռը թե՛ Հայաստանի եւ թե՛ միջազգային հանրության առջեւ` փակելով երկու տարի չորս ամիս տևող «անփառունակ ֆուտբոլային նախաձեռնողական դիվանագիտության» էջը:
Թուրքական կողմը ոչ մի միլիմետր չնահանջեց իր նախապայմաններից, տեղի չտվեց միջազգային ճնշումներին և առաջին իսկ հարմար առիթն օգտագործեց «գնացքից թռչելու համար»:
Մի կողմից ողջունելի է, որ գործընթացն այսպիսով դադարեցվեց: Սակայն խնդիրն այն է` ինչ գնով: Հայաստանը խաղից դուրս եկավ իբրեւ ազգային հարցերում միակողմանի զիջումների գնալու պատրաստ եւ դրա դիմաց ոչինչ չստացող կողմ: Գուցե ոմանց համար դա էական նշանակություն չունի: Բայց պարտվողի, մորթվողի, ցեղասպանվածի, խաբվածի, ուրիշների ցանկությունները աներկբա կատարողի այն հոգեբանությունը, որը կարծես վերացվել էր Արցախյան ազատամարտի հաղթանակներով, մեր իշխանության վախվորածության, անհամարձակության պատճառով նորից գլուխ է բարձրացնում ու սկսելու է ուրվականի նման նորից հետապնդել: Որովհետեւ, իբրեւ պետություն, այդպես էլ քաջություն չունեցանք հարգելու ինքներս մեր արժանապատվությունն ու առաջինը հրաժարվելու ազգային շահերը վտանգող և միասնականության հիմքերն ավերող այդ գործընթացից: