կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-19 16:37
Քաղաքական

Դաստիարակչական ապտակ` ինքն իրեն

Դաստիարակչական ապտակ` ինքն իրեն

Ուղղակի մարազմի է վերածվում այն երեւույթը, որ երկրի քաղաքական մեծամասնությունը չի կարողանում քվորում ապահովել նույնիսկ իր` արտահերթ նիստի գումարման պատճառ հանդիսացած օրինագիծը քվեարկության դնելու համար. այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրեց Էթիկայի հանձնաժողովում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

 

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ նշեց, որ, անկախ ամեն ինչից, օրենքի նախագիծ անցկացնել չեն կարող, քանի որ մեծամասնությունից դահլիճում 63 պատգամավոր է: Նա եւս հայտարարեց, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու քվեարկությանը: Նման հայտարարություն արեց նաեւ Ռուբեն Հակոբյանը «Ժառանգություն» խմբակցության վերաբերյալ:

 

Հասկանալով` որ օրենքի նախագիծը չեն կարող անցկացնել, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպեանոց ընդմիջում խնդրեց: Սակայն ՀՀԿ խմբակցությանը 20 րոպեանոց ընդմիջումն էլ չօգնեց հավաքել համապատասխան թվով պատգամավորների՝ Էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ օրենքի նախագիծն ընդունելու համար:

 

Այս երեւույթը, որ անկյունից էլ որ դիտարկելու լինենք, մեղմ ասած, ուրախացնող չէ: Հատկապես այն պարզ պատճառով, որ ՀՀԿ-ն խորհրդարանում ունի այնքան մանդատ, որ կարող է ցանկացած, նույնիսկ ամենաանհեթեթ նախաձեռնություն օրենք դարձնել` սեփական ուժերով: ՀՀԿ-ն այսօր հնարավորություն ունի անգամ, օրինակ, ընդունել օրինագիծ, որով այսուհետեւ կարտոֆիլները համարվեն մեր երկրի քաղաքացիներ եւ այլն: Ու երբ այսպիսի «հնարավորություններով» օժտված քաղաքական ուժը չի կարողանում անհրաժեշտ քանակով պատգամավոր հավաքել, որ կարողանա իր իսկ նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում իր առաջարկած օրինագիծն անցկացնելու համար քվորում ապահովել, դա արդեն խոսում է այս քաղաքական ուժի ներքին կարգապահության կամ դրա բացակայության մասին: Էլ չխոսենք`  քաղաքական կուլտուրայի մասին. իրենք դրա ավելի արտահայտիչ դրսեւորումներ են ցուցադրում:

 

Որ հերթական նիստերից են «թռնում» քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, դեռ մի կողմ, բայց տապալել սեփական նախաձեռնությունը... Ցավալի է, որ քաղաքական մեծամասնությունը այս` նույնիսկ սեփական կուսակցության հանդեպ անպատասխանատու վերաբերմունքով  դեռ շարունակում է օրենքներ ընդունել մեր ամբողջ ժողովրդի համար:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ