Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվ այսպես` երկխոսությունը, չնայած վատ եղանակային պայմաններին, կշարունակվի: Այդ մասին այսօր բարձրաձայնեց Լևոն Զուրաբյանը` ընթերցելով իր վատ ձեռագրով գրված ՀԱԿ-իշխանության համատեղ հայտարարությունը: Վատ եղանակային պայմաններ ասելով` նկատի ունենք Մուսինյան Արմանի հաթաթան առ այն, թե իշխանությունները 24 ժամ ունեն խելքի գալու, այլապես ՀԱԿ-ը կորոշի շարունակել բանակցությունները, թե՞ ոչ:
Իսկ տեղի էր ունեցել մարտի 1-ից ավելի վատ բան` ըստ Մուսինյանի: Ձերբակալվել էր ՀԱԿ մատաղ սերնդի սերուցքը: Ոչինչ որ որոշել են այսուհետ բոլոր հայերից գաղտնի բանակցել: Դա չարյաց փոքրագույնն է: Պատկերացնո՞ւմ եք, որ ինքնաբուխ նորից հավաքվեին Ֆրանսիայի դեսպանատան առաջ: Աստված հեռու տանի:
Ինչ որ է: Մարդիկ տարբեր ակնկալիքներ ունեն ՀԱԿ-իշխանություն երկխոսությունից: Դա երևում է նաև գնահատականների տարբերությունից: Մի մասն այն թատրոն է համարում, մի ուրիշ խումբ` լուրջ քաղաքական գործընթաց, մի երրորդ խումբ էլ գտնում է, որ այն ժողովրդին ոչինչ չի տալիս, բայց բարձրացնում է երկրի վարկը միջազգային ասպարեզում: Ես եղել եւ մնում եմ այն տեսակետին, որ այս թատրոնը շատ լուրջ վնաս է հասցնում ներքաղաքական դաշտին, ժողովրդին ոչինչ չի տալիս եւ համաշխարհային հանրությանն էլ ստիպում է ձեռքն առնել մարդկության ստեղծած քաղաքակրթությունների պատմության դասագիրքը` հասկանալու համար, թե ինչ «ֆրուկտ» են այս հայերը:
Այս վերջին էպիզոդի հետ կապված կարող ենք հաստատ ասել` Հայաստանի վարկը, այնուամենայնիվ, չի իջել օտարների աչքում:
Ի՞նչ սպասելիքներ ունենք մենք ՀԱԿ-իշխանություն երկխոսությունից: Նրանք, ովքեր մի գլուխ պնդում են, որ սա թատրոն է, հասկանալի է, թե ինչ սպասելիքներ կարող են ունենալ` վարագույր, ծափահարություններ, ծաղիկներ, դերասանները խոնարհվում են: Վերջում` ներկայացումն ավարտվեց, սիրելի հանդիսականներ, դուռն այս կողմն է…
Իսկ մարդկանց այն խումբը, որ սա լուրջ քաղաքական գործընթաց է համարում, հավանաբար կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, բոլորովին այլ մտածողություն ունեն քան տիրող համակարգը եւ կկարողանան երկխոսելով համակարգ փոխել Հայաստանում: Այս մարդկանց ընդհանրապես հիասթափություն է սպասում, որովհետև շատ անսպասելի իջնելու է վարագույրը, շուրջը ծափեր են հնչելու, ծաղիկներ, վերջում` ներկայացումն ավարտվեց, սիրելիներս, դուռն այս կողմն է…
Ճիշտն ասած` ես չէի ցանկանա հանկարծ արթնանալ վերջին արարի ծափահարություններից, թեև շատ մոտ եմ մտածելու, որ սա թատրոն է: Եթե ՀԱԿ-ն ու իշխանությունը իրենց ակտիվ «խաղով» հանկարծ գործը հասցնեն արդար ու թափանցիկ ընտրությունների, ես կհամարեմ, որ այս մղձավանջը իզուր չի եղել: Նույնիսկ կծափահարեմ, երբ վարագույրն իջնի: Բայց նրանց (ՀԱԿ-իշխանության) ներկա ընթացքը բոլորովին այլ բան է հուշում: Ես տեսնում եմ, որ այն ոչ միայն ժողովրդին ոչինչ չի տալիս, այլև մի առևտուր է, որ խոստանում է հետագա տասնամյակում էլ ոչինչ չտալ ժողովրդին:
Չի կարելի, հասկանո՞ւմ եք, անընդհատ խոսել արտագաղթից եւ երկուստեք ոչինչ չձեռնարկել այն կանգնեցնելու համար, չի կարելի, հասկանո՞ւմ եք, ամերիկայի դեսպանի ներկայությամբ ջրանցքներ բացել եւ նրա գնալուն պես գյուղացուն առանց ջուր թողնել, չի կարելի, հասկանո՞ւմ եք, արտահերթ ընտրություններ պահանջել իշխանափոխություն անելու նպատակով, եթե այդ ընտրությունների ողջ պատասխանատվությունը դնում ես պետության վրա, իսկ դու սպասում ես, որ ընտրություններից հետո փողոց վազես ու ճչաս` ընտրությունները դարձյալ կեղծվեցին:
Գործող իշխանությունը, եթե նրան պատին են դեմ տվել, աշխարհի որ երկրում էլ լիներ, պետք է գնար արագ բարեփոխումների: Մի՞թե սա չէ ամենատրամաբանականը: Իսկ ինչո՞ւ են մեր իշխանություններն այսքան երջանիկ: Նրանց պատին դեմ չե՞ն տվել: Հապա մի Կոնգրեսին հարցրեք: Կասեն` սրանց վերջը եկել է, որ մի հատ էլ փըշտ անենք, փախչելու են: Մյուս կողմից էլ` սրա՞նք են պատին դեմ տվողները: Կոնգրեսին նախապես ավելի լուրջ բան էր առաջարկվել չէ՞, քան այս ձևաչափը: Խնդրեմ` կառավարության հետ քննարկեք ձեր առաջարկները տնտեսությունը ոտքի կանգնեցնելու ուղղությամբ, ԱԺ նախագահի հետ քննարկեք արտահերթ ընտրությունների հարցը, նախագահի հետ քննարկեք արտաքին քաղաքականությունը: Ինչո՞ւ փախան:
Հինգ հանդիպում են ունեցել իրենց երազած ձևաչափով: Նշեք դրանցից մեկը, որի ժամանակ հարց են քննարկել: Չեմ ասում կարևոր հարց, այլ հարց` ընդհանրապես: Սա ի՞նչ է, եթե ոչ ինքնախաբեություն, այլ խոսքով` քաղաքական օնանիզմ, որ գնալով ավելի է դուր գալիս իշխանությանն ու ՀԱԿ-ին: Եվ, այնուամենայնիվ, հավատացնում եմ ձեզ, որ նույնիսկ այսպիսի մի գործընթաց կարող է հետաքրքիր հետք թողնել Հայաստանի հետագա ճակատագրի վրա:
Միայն թե իշխանության եւ ՀԱԿ-ի համբերությունը բավականացնի` գործը հասցնել մինչև հերթական ընտրություններ: Մնացած այս ինը ամիսներին իշխանություններն ու ՀԱԿ-ը ի զորու են այնպիսի խեղկատակություններ բեմադրել (կրպակների տեղահանությունից մինչև նոր «քաղաքական» ձերբակալություններ), որ ի վերջո երկուսի ընտրազանգվածն էլ կանգնի երկընտրանքի առջև` նրանց ձայն տալ-չտալու հաշվով: Եթե այդ ընտրությունների արդյունքում մենք ի վերջո ստանանք մի պատկեր, ըստ որի ուժերից մեկը, կամ նույնիսկ երկուսով չեն կարողանա մեծամասնություն ձևավորել ԱԺ-ում, ես կարող եմ ասել, որ երկխոսությունն իզուր չի անցել:
Էդիկ Անդրեասյան