կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-06 11:14
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ.Corruption on my mind

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ.Corruption on my mind

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությունը ցույց է տալիս, թե իրականում ինչ արժեն ՀՀ իշխանությունների հայտարարությունները կոռուպցիայի և կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի մասին։ Բանն այն է, որ Քուշկյանը իր սեփականությունը հանդիսացող «Էրեբունի» բժշկական կենտրում կարել է տվել բոլոր վերելակավարների խալաթների գրպանները, իբր՝ որպեսզի վերելակից օգտվողները նրանց գրպանները դրամ չգցեն, ինչպես տեղի է ունենում սովորաբար։ Իրականում, սակայն, այս գործելակերպը միայն արտաքին էֆեկտ ստեղծելու նպատակ ունի, որ կողքից լսեն, տեսնեն, ասեն, թե ահա՝ Հայաստանի իշխանություններն էլ են ուզում պայքարել կոռուպցիայի դեմ։ Որ գրպանների կարումը ձևական բնույթ է կրում, ապացուցվեց մեր թղթակիցների երեկվա այցելության ընթացքում. «Էրեբունի» հիվանդանոցի վերելակավարները հաճույքով պարզել էին իրենց ձեռքերը և վերցրել առաջարկվող դրամը։ Եթե պարոն Քուշկյանն իսկապես ուզում է պայքարել այս երևույթի դեմ, կարծում ենք, նույն էքսպերիմենտը ինքը կարող է կազմակերպել, և համոզվելով, որ գրպանների կարը էֆեկտ չի տալիս, ավելի արդյունավետ միջոցներ ընտրեր։ Իսկ եթե մեր իշխանությունները համարում են, որ սա իսկապես լավ լուծում է, զարմանալ կարելի է, թե ինչու մինչև այժմ կարված չեն նախարարների, ոստիկանների, ավելի ցածր և ավելի բարձր պաշտոնյաների գրպանները։ Մի՞թե այն պատճառով, որ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի թիրախը ինչպես եղել, այնպես էլ շարունակում են մնալ հիվանդանոցների վերելակավարները։ Լիահույս ենք, սակայն, որ մեր այս հրապարակումից հետո առողջապահության նախարարը կտրել չի տա վերելակավարների ձեռքերը։ Ի վերջո, կոռուպցիայի մեղավորը ոչ թե գրպաններն են և ձեռքերը, այլ՝ ուղեղները։ Հենց սրանից է, որ կաղում են հայրենի իշխանավորները։