Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի Նար-Դոս (վստահաբար, այն միակը չէ) փողոցում ջրգողությունը սովորական երեւույթ է, որ թաքցվում է, ոչ ավել, ոչ պակաս ջրամատակարարի կողմից վթարային անջատում ասվածով: «Երեւանջուր» ընկերությունը հատկապես այս փողոցի բնակիչներին զզվեցրել է իր հանպատրաստից «վթարներով» այն աստիճանի, որ քաղաքացիների մի խումբ, ես էլ նրանց հետ, պատրաստ ենք դատի տալ կազմակերպությանը խարդախության եւ ջրամատակարարման ծառայության անորակ մատուցման համար:
Ինչի՞ց ենք բողոքում: Այս էլ որքան ժամանակ է առնվազն 2-3 շաբաթը մեկ «խեղճ» «Երեւանջուրը» վթարային իրավիճակներ է արձանագրում մեր տարածքում: Վստահաբար, դա մեծ սուտ է, փչովի գնդակ, որ պարբերաբար շպտրվում է սպառողի դարպասը հատկապես տարվա ամենաշոգ օրերին: Բնակիչները կասկածում են, որ ջրի խնդիր է առաջանում այս կամ այն հարուստի բնակարանի վերանորոգման պատճառով ջրի խողովակների հարցը լուծելու համար: Այլ տարբերակ դժվարանում են նշել:
Թե քանի հազար մարդ է պարբերաբար բացում ջրի ծորակն ու ցնցվում նրա լալահառաչ բղկոցից, ստույգ չենք կարող ասել, բայց թե քանի հոգի է ականատես «Երեւանջրմուղի» ժրաջան աշխատակիցների աշխատանքին մեր կողմերում, հաստատ կասենք` ոչ ոք: Գոնե ես վերջին անգամ ձմռանը տեսա, թե ինչպես էին քանդել Քաջազնունի փողոցի բանուկ հատվածն ու փորձում սառած հողի մեջ վթար վերացնել: Դրանից հետո` էլ ոչ մի աշխատակից, ոչ մի վթար չենք տեսել, իսկ ա’յ ջրանջատումներ` այն էլ առանց նախնական զգուշացման, խնդրե~մ: Մենք արդեն կուշտ ենք դրանցից: Ամռան շոգին, երբ եղանակը 40 աստիճան տապով պարտադրում է ոչ միայն տնից, այլեւ լոգարանից ու զուգարանից (ականջդ կանչի ձմերուկ ստեղծող) դուրս չգալ, քաղաքացին ստիպված է լինում ընտանյոք հանդերձ էվակուացվել բարեկամների տուն կամ անիծել Կենտրոն համարվող տարածքում բնակարան ունենալու փաստը: Մենք վարվեցինք այլ կերպ: 1-85 հեռախոսահամարին պատասխանող, ամբարտավան վերաբերմունքը մի կերպ թաքցնող աշխատակցուհուց փորձում ենք ճշտել, թե հատկապես որտե՞ղ, ո՞ր հասցեում է վթար արձանագրվել, որ հեռուստաընկերության մեր գործընկերներին խնդրենք արձանագրել վթարավերականգնողական աշխատանքի փաստը եւ «մի լավ գովաբանել օտար շուստրիներին ծախված մեր ջրամատակարարման առավելություններըե: Մուննաթը լեզվին հեռախոսավարուհին խնդրում է սպասել, փոխանցելով հեռախոսը լրատվության բաժին: Մեզ պատասխանում է բաժնի աշխատակցուհի Անահիտ Մանասյանը: Նա մեզ բացատրում է, որ ընկերության աշխատակիցներն ամենայն պարտաճանաչությամբ փականներ են ստուգում եւ որտեղ փչացած է, տեղում փոխում են` առանց զգուշացնելու տվյալ տարածքի ջօգտագործողներին: Փորձում եմ հավատալ աղջկան, բայց սպանեք էլ, չեմ պատկերացնի 40 աստիճանի պայմաններում աշխատող ջրմուղի աշխատակցի: Մանավանդ որ նա փական սարքելու վրա ծախսելու է ոչ ավել, ոչ պակաս 7 ժամ. «ժամը 10.00-19.00 ջուր չեք ունենալու» դատավճիռը դեռ առավոտյան հեռախոսավարուհին էր ծեփել ճակատներիս: Առժամանակ անց Անահիտը լսափողը փոխանցում է իր վերադասին` խնդիրը վերջնականապես պարզելու եւ իբր Երեւանի տարբեր հատվածներից ցանկացածում նկարահանումների համար հասցեներ տրամադրելու համար: Մուրադ Սարգսյանն ընթացքում է փորձում պարզել Անահիտից, թե` է՞ս ով ա զանգում: Քիչ անց պարզվում է, որ քանի որ «Երեւանջուրնե ունի տնօրեն, այնուամենայնիվ, նա որոշում է, որ լրագրողներին պետք է ոչ թե վթարավերականգնողական աշխատանքների հասցեները տրամադրել, այլ ուղեկցել նրանց: Եվ որ անպայման նրանք հետո պետք է հյուրընկալվեն «Երեւանջուր» ընկերությունումե: Լավ է, որ չեն առաջարկում այնտեղ լվացք անել կամ լողանալ: Այստեղ է, որ հասկանում ենք, այս երկրում մենաշնորհային դիրք զբաղեցնող «Երեւանջուրը» իրեն արդեն լրագրողական աշխատանքի վարպետի տեղ է դնում եւ ինքն է որոշում, թե լրագրողն ինչպես նյութ պատրաստի եւ ուր գնա հարցազրույցի: Սրան ավելի լավ պատասխան չկա, քան հարեւանուհուս հորդորը երեխաներին թե` եթե հանկարծ մինչեւ վերադառնալս ջուրը գա`չմոռանաք զուգարանի ջուրը կքաշեք:
Այստեղից հետեւություն. «Երեւանջուրը» որպես ծայրահեղ փնթի ջրամատակարար, արդեն վաղուց սպառել է ջրօգտագործողների համբերության չափաբաժինը` ինչպես ծառայությունների մատուցման, այնպես էլ օգտագործած ջրի ցուցանիշների արձանագրման խայտառակ ձեռագրով: Գոնե նախընտրական ժամանակահատվածի ֆոնի վրա սրանց խելքի բերեն ու նոր` ջուրը քաշեն...
Սուսաննա Մարգարյան