կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-02 17:19
Արցախ

Տիգրան Սարգսյանը այցելել է առաջապահ դիրքեր

Տիգրան Սարգսյանը այցելել է առաջապահ դիրքեր

Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր:

Վարչապետը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել ծառայողական պայմաններին: Զինծառայության ընթացքում պարտաճանաչությամբ, խիզախությամբ եւ անձնվիրությամբ աչքի ընկած զինվորներին պարգեւատրել է ժամացույցներով:

Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը եղել է Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում, մասնակցել զինվորների ռազմաուսումնական վարժանքներին: Դիմելով զինծառայողներին` վարչապետը նշել է. «Սիրելի զինվորներ, դուք պետք է հպարտ լինեք, որ այսօր ծառայում եք ԼՂ պաշտպանության բանակում եւ պետք է հպարտ լինեք այն պատճառով, որ դուք հաղթանակած բանակի ներկայացուցիչներ եք: Հայաստանի կառավարությունը ջանք չի խնայի, որպեսզի դուք ունենաք բոլոր հնարավորությունները` բարձրացնելու ձեր մարտունակությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ տպավորված է զինվորների ռազմական եւ հոգեբանական պատրաստվածության աստիճանից: «Մենք տեսնում ենք, որ զինվորը հպարտ է, համաձակ, կազմակերպված, գիտի իր գործը, պրոֆեսիոնալ է, եւ այդ ամենը հույս է ներշնչում, որ մեր զինված ուժերի մարտունակության աստիճանն օր օրի ավելի է բարձրանալու»,- ասել է նա:

Անդրադառնալով հակառակորդի կողմից հաճախակի հնչող ռազմատենչ հայտարություններին` գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանց լավագույն պատասխանը մեր բանակի մարտունակության բարձրացումն է: «Այն ինչ այսօր կատարվում է հայկական զինված ուժերում, այն վառ ապացույցն է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Պետք է շարունակենք համառորեն աշխատել, մեր հմտություններն ավելացնել, ինչը եւ այսօր տեղի է ունենում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Արցախ կատարած այցը կառավարության ղեկավարը եզրափակել է տեղի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և ֆերմերների հետ հանդիպմամբ, որի ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող խնդիրներ: Տիգրան Սարգսյանն այս համատեքստում կարևորել է գյուղատնտեսության զարգացման ճիշտ մոդելի ընտրության, ենթակառուցվածքների և առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցերը: «Չափազանց կարևոր է պետության և ֆերմերների, գյուղացիների, գյուղացիական միությունների միջև երկխոսությունը, քննարկել, թե կողմերն ինչպես են տեսնում խնդիրների լուծումը: Այս երկխոսության շնորհիվ մենք պետք է կարողանանաք նաև ոլորտի զարգացման ռազմավարություն մշակել: Մեզ համար թիվ մեկ խնդիրն այս պահի դրությամբ այն է, որ մենք պետք է գյուղատնտեսությունը դարձնենք արդյունավետ, որպեսզի մարդիկ կարողանան ներդրումներ կատարել այս ոլորտում»,- նշել է վարչապետը: Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը օրվա երկրորդ կեսին վերադարձել է Երևան: