Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության վարչության պետ Գագիկ Եգանյանը, այսօր ներկայացնելով իր ղեկավարած ծառայության նոր կայքէջը, խոստովանեց, որ 1988-2001 թթ. Հայաստանից արտագաղթել է մինչեւ 1.5 միլիոն քաղաքացի: Իսկ մի քանի ամիս առաջ նույն Եգանյանը պնդում էր, որ այդ տարիներին Հայաստանից մեկ միլիոն մարդ էլ չի հեռացել:
Նշենք, որ ինչպես ամեն անգամ, այս անգամ եւս նա անգիր արած իր տողերն էր արտասանում` ոչինչ չի փոխվել, ամեն ինչ լավ է, ինչ գրվում է վերջին շրջանում հայրենական մամուլում, ապատեղեկատվություն է, եւ միգրացիոն հոսքերը, միգրացիոն գործընթացները Հայաստանում կայուն վիճակում են:
Ներկայացնելով ծառայության նոր կայքը` www.smsmta.am, Եգանյանը հայտնեց, որ կայքէջում տեղեկություններ են զետեղված միգրացիայի ոլորտի վերաբերյալ ազգային օրենսդրության եւ միջազգային իրավապայմանագրային դաշտի մասին:
«Կայքից կարելի է տեղեկանալ օտարերկրացիների` Հայաստան մուտքի մասին, ինչպեսեւ այլ հարցերի՝ հաշվի առնելով, որ 1988-92 թթ. Ադրբեջանից բռնագաղթած միգրանտներն ամենամեծ հոսքն են կազմում: Միգրացիոն վիճակագրության բաժինը, իր հերթին, հնարավորություն է տալիս մշտական ուղեւորափոխադրումների ծավալների վերաբերյալ տեղեկություններ ստանալ` տարեկան և ամսական կտրվածքով»,- ասաց նա:
Ներկայացնելով տարբեր տարիների վիճակագրությունը` Գ. Եգանայնը, կարծես, գոհ էր իր աշխատանքից: Ըստ նրա` վերջին տարիների կտրվածքով մեկնումների և ժամանումների տարբերությունը հետևյալն է. 2010թ.՝ 29,900, 2009թ.` 25,000, 2008թ.՝ 23,000:
Նշենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն` 2011 թ. հունվար-հունիս ամիսներին միգրացիայի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 15 հազարով, կամ 28,6 %-ով եւ կազմել է -67,3 հազար մարդ: Հունիսին արձանագրվել է միգրացիայի դրական մնացորդ, որը կազմել է 2 հազար մարդ, նախորդ տարվա հունիսի 3,7 հազարի դիմաց:
Ներկայացնելով մարդկային զարգացման 2009թ. զեկույցը՝ միգրացիոն ծառայության պետը նշեց, որ 1988-2001 թթ. Հայաստանից արտագաղթել է 700 հազարից մինչև 1.5 միլիոն քաղաքացի, 2001-2008 թթ.` 150.000, իսկ 2008-ին ինչ-ինչ պատճառներով ուսումնասիրություններ չեն կատարվել: