կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-29 10:59
Առանց Կատեգորիա

Մետրոպոլիտենում տեղյակ չեն

Մետրոպոլիտենում տեղյակ չեն

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի երկրորդ մուտքի մասին տեղեկատվությունը, որը տպագրվել էր «Երկիր» օրաթերթի սույն թվականի հուլիսի 27ի համարում, վրդովեցրել է Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի տնօրինությանը: Զարմանալին այն է, թե ինչո՞ւ է վրդովվում մետրոպոլիտենի տնօրինությունը:

Երեւանի զարգացման 2011 թվականի ծրագրում («2011 թվականի նախատեսվող միջոցառումների մասին» (ծրագրի 53 էջ) 5-րդ կետ, www.yerevan.am) սեւով սպիտակի վրա նշված է. «Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի 2-րդ մուտքի (Աբովյան փող.- Սայաթ-Նովայի պող. խաչմերուկում) կառուցում»: Համաձայն ենք, սակայն, երբ այդ տարածքը Երեւանի քաղաքապետարանի կողմից հանձնվել է Մայր Աթոռին, եւ այս օրերին այդ վայրում ինտենսիվ կերպով կառուցվում է Սուրբ Աննա եկեղեցին եւ Վեհափառի երեւանյան նստավայրը, ինչպե՞ս եւ որտեղի՞ց պետք է սկսվի մետրոյի կայարանի երկրորդ մուտքի սկիզբը:

Փաստորեն, մեզ ուղղված հերքման մեջ Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յալոյանը ապատեղեկատվություն էր համարել թե՛ մեր նշած թվերը, թե` փաստերը: «Երեւանի զարգացման 2011 թվականի ծրագիր» փաստաթղթում, որը հաստատվել է 2010-ի դեկտեմբերի 23-ին` Երեւան քաղաքի ավագանու N168-Ն որոշմամբ, եւ ստորագրվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից, նույնպես նշված է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից նախատեսվում է մետրոպոլիտենի արդիականացման եւ զարգացման ծրագիր, որի ընդհանուր արժեքը կազմում է 15 մլն եվրո: Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ իրենք 15 մլն եվրո չեն ստացել, այլ ստացել են ընդամենը 5 մլն եվրո, որով գնվել են (ծրագրով նախատեսված) բոլոր շարժակազմերի համար անվասայլակներ (անիվներ):

Ձեր ներողամտությունն ենք հայցում, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տրամադրելիք գումարների մեջ ներգրավել էինք նաեւ «Երիտասարդական» մետրոյի երկրորդ մուտքի (որի սկիզբը, ըստ ծրագրի, պետք է սկսվեր Սայաթ-Նովա պող.-Աբովյան փողոցից` տե'ս քարտեզը) կառուցման համար նախատեսվածը:

Սայաթ-Նովա պողոտայի եւ Աբովյան փողոցի խաչմերուկից սկիզբ առնելիք երկրորդ մուտքի մասին բազմիցս է խոսվել: Թե՛ մետրոպոլիտենի տնօրինությունը եւ թե՛ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշել են, որ իրենք այդ ծրագիրը կյանքի կոչելու համար Ասիական զարգացման բանկի հետ փորձում են բանակցություններ վարել: Ասիական զարգացման բանկը պահանջ ներկայացրեց` մինչ գումարներ պահանջելը իրեն ներկայացնել հիշյալ նախագծի մասին փաստեր եւ տեղեկություններ: Այնուհետեւ Երեւանի քաղաքապետարանի պատվերով Ասիական բանկը, հենց իր ֆինանսներով, իրականացրել է «Երեւանի կայուն տրանսպորտի զարգացման ծրագիրը»:

Չնայած մեզ հետ զրույցում Երեւանի մետրոպոլիտենից պնդում էին, թե նյութում տեղ գտած «փորձագիտական խումբ» ասվածը գոյություն չունի, սակայն նշենք, որ այն գոյություն ունեցել է եւ իր աշխատանքներն ավարտել է այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին: Ի դեպ, նշենք, որ նախագծի փորձագիտական խումբն իր աշխատանքներն իրականացրել է «Երեւանի կայուն տրանսպորտային զարգացման ծրագրի» շրջանակներում, իսկ ծրագիրը իրականացնելու համար տենդերը շահել են բրիտանական «Մոթ-Մակդոնալդ» կազմակերպությունը եւ հայկական «Ադինֆոսիս» ընկերությունը: Սույն ծրագիրը կազմված է եղել 4 ենթածրագրից, որից 4-րդը վերաբերել է հենց մետրոյի «Երիտասարդական» կայարանի երկրորդ մուտքին:

Ինչեւէ, փաստը մնում է փաստ, որ Երեւանի քաղաքապետարանում շահագրգիռ մասնագետների եւ փորձագետների մասնակցությամբ անգամ ներկայացվել է հիշյալ նախագծի նախնական տարբերակը: Ի հավելումն նշենք, որ երբ Սբ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքը Երեւանի քաղաքապետարանը հանձնեց Մայր Աթոռին` այնտեղ շինարարություն իրականացնելու համար, դրանից հետո մեկ-երկու անգամ նախկին քաղաքապետը եւ Վեհափառը լարված խոսակցություն են ունեցել: Վերջինս փորձել է արագ կերպով սկսել շինարարությունը, իսկ պաշտոնաթող քաղաքապետը կոչ է արել, որ Վեհափառը սպասի` մինչեւ տեսնի, թե ինչ է անում «Երիտասարդական» կայարանի մետրոյի մուտքի հետ կապված: Համաձայնության են եկել եկեղեցու հիմքերը գցելու ժամանակ տեղ թողնել դեպի «Երիտասարդական» կայարան ձգվող երկրորդ մուտքի համար:

Գալուստ ՆԱՆՅԱՆ