Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Հատկապես փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը խթանող ծրագրերի անհրաժեշտության մասին հաճախ է խոսվում կառավարական մակարդակով, որոշ պաշտոնյաներ անգամ առաջընթաց են արձանագրում եւ խոստանում, որ բարեփոխումները գործարարները զգալու են իրենց մաշկի վրա: Բայց ինչպես մյուս ոլորտներում, այս դեպքում էլ կառավարության խոստումների ու իրականության անհամատեղելիությունը ակնհայտ է: Քիչ չէ ձեռնարկատերերի թիվը, ովքեր հոգնելով բարեփոխումների սպասումից` բիզնեսի վրա խաչ քաշելու կամ էլ այն արտերկիր տեղափոխելու մասին են մտածում:
Գեւորգ Բաբայանը այս տարվա ապրիլին փորձել է հիմնել սեփական բիզնես` սուրճի, թեյի եւ զովացուցիչ ըմպելիքների շրջիկ վաճառք: Փոքր քարշակներով տեղափոխվող ըմպելիքները պետք է վաճառվեին համալսարանների տարածքներում: Մի քանի օր աշխատելուց հետո ոստիկանը մոտեցել է վաճառողին, թե քաղաքապետարանից պետք է թույլտվություն ունենալ: Գ. Բաբայանը դիմել է, բայց քաղաքապետարանից եւ Կենտրոն վարչական շրջանից որոշակի պատասխան չի ստացել: Անցնող չորս ամիսների ընթացքում, սակայն, մաշկի վրա զգացել է ոչ թե կառավարության խոստացած մանր բիզնեսին խրախուսումները, այլ բյուրոկրատական քաշքշուկներն ու ամեն ինչ «կտրելու» մոտեցումը.
«Երբ ես հարկային գնացի, բացատրեցի` ինչ եմ ուզում անել: Ասացին, չես կարող, դա օրենքներին դեմ է: Ասացի` լավ, ես հարգում եմ օրենքը, բայց ի՞նչ է պետք անել: Իրենց վերաբերմունքն այն էր, թե` գնա, չես կարող անել»:
Հարկային մարմինների նման վերաբերմունքին արժանացած մեկ այլ գործարար չցանկացավ, որ անունը նշվի` հետագայում խնդիրներ չունենալու համար. «Հարակայինի տեսուչները պետք է դադարեն գործարարին դիտել որպես պոտենցիալ հանցագործ: Երբ դադարեն այդպիսին լինել, այդ ժամանակ շատ բան իր տեղը կընկնի»: Սակայն այս գործարարը նշեց, որ ավելի մեծ խնդիրներ են առաջ գալիս ներկրված ապրանքները մաքսազերծելիս. «Եթե չունես ազդեցիկ «մեջք», քո ապրանքը մաքսազերծվելու է հսկիչ գներով, որոնք անընդհատ փոխվում են: Մեկի անգամ ապրանքը մաքսազերծվում է 20 դոլարով, մեկ ամիս անց` 35-40: Սրանք պայմանական թվեր են: Բիզնեսի զարգացման խոչընդոտումը սկսվում է սահմանից»:
Ոչ հավասար մրցակցային պայմաններից դժգոհում է նաեւ «Մհեր-Լիլուս» ՍՊԸ-ի փոխտնօրեն Մհեր Սահակյանը. «Մենք Բուլղարիայից ներկրում ենք աման լվալու հեղուկի հումք, մաքսազերծման համար բոլոր վճարումները նորմալ անում ենք: «Սուրմալուում» (տոնավաճառ) կարող ենք տեսնել 5 լիտրանոց հեղուկներ, որոնք բավականին էժան են եւ դրանց վրա նույնիսկ գրված չէ, թե ով է արտադրողը կամ ներմուծողը»:
Պահածոների արտադրությամբ զբաղվող «Ալիշան» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Գրիգորյանը բիզնեսի զարգացմանը խոչընդոտող առաջնահերթ խնդիրներից է համարում ֆինանսական ռեսուրսների մատչելի չլինելը. տրվող վարկերի տոկոսադրույքները նախ բավականին բարձր են, բացի այդ` վարկերի դիմաց տրվող գրավի գնահատման հետ են խոչընդոտներ լինում. տարբեր ընկերությունների կողմից արված գույքի գնահատման տվյալները միմյանցից կարող են տարբերվել մինչեւ 2 անգամ. կան բանկեր էլ, որոնք հիմք են ընդունում միայն իրենց գործընկեր կազմակերպությունների գնահատականները, թեեւ դրանք կարող են բավականին ցածր գնահատել, քան իրականում է:
Մյուս խնդիրը կապված է արտահանման ուղիների հետ: Հնարավոր է նույն ապրանքը Կորեա ուղարկել 2200 դոլարով, իսկ Մոսկվա` 5000-ով: Իսկ տրանսպորտային խնդիրների պատճառով նաեւ ժամանակի կորուստ է լինում. ապրանքը նախատեսվածի համաձայն, օրինակ, ոչ թե 7-10, այլ մինչեւ 40 օրում է իրացվում:
Իրավիճակն այլ է մարզերում կազմակերպվող արտադրությունների դեպքում: Հարցին, թե բիզնեսի զարգացմանն ի՞նչ է խանգարում, պանրի արտադրությամբ զբաղվող Կալինինոյի «Տաշիր» ընկերության ղեկավար Արշավիր Խաչատրյանը պատասխանեց. «Ամեն ինչը: Ցավդ տանեմ, ցավոտ հարցերիս մի կպի... Կառավարության անպատասխանտու լինելը` առաջին հերթին»: Գործարարը նշեց, որ դեռեւս անցյալ տարի ութ ամիս քաշքշուկի մեջ են եղել, ինչ է, թե պետք է ֆինանսավորում ստանային Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամից (ՀԳՏՏԶՀ - FREDA): Այդպես էլ չեն ստացել. «Դուրս է գալիս` որ եղունգ ունես, գլուխդ քորի»:
Այծի պանրի արտադրությամբ զբաղվող «Գոլդեն Գոութ» ընկերության ղեկավար Խաչիկ Մարտիրոսյանն էլ հարկային մարմինների ոչ բարեխիղճ աշխատանքից բացի, անդրադարձավ նաեւ շուկայում առկա ներքին խնդիրներին. «Մենք ապրանքը տալիս ենք խանութներին ու ամիսներով չենք կարողանում գումարը ստանալ: Դրանք մասնավոր բաներ են, բայց պետությունը կարող է ազդել այդ խոշոր խանութների վրա»: Խոսքը վերաբերում է սուպերմարկետներին, որոնք, ինչպես նշեց գործարարը, թեեւ պայմանագրի համաձայն պետք է գումարը վճարեն 40 օրում, սակայն ուշացնում են, մինչեւ 5-6 ամիս:
Իրավիճակից դուրս գալու ելքը գործարարները տեսնում են օրենքները կիրառելի դարձնելը: Ինչպես նրանցից մեկ նշեց, օրենքները պետք է հարգվեն ոչ թե ներքեւից վերեւ, այլ` վերեւից ներքեւ:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ