Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն մի քանի տարի է` Արցախում կոռուպցիայի դեմ պայքարն ավելի մեծ թափ է ստացել. որոշ ոլորտներում հաջողվել է կառուպցիոն երեւույթները վերացնել: Դա հատկապես ակնհայտ է ճանապարհատրանսպրոտային ոստիկանությունում: Բնակիչների հավաստմամբ՝ նման երեւույթները վերացել են նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում: Այսինքն՝ նախկինի պես քաղաքացիներից գումարներ չեն պահանջում հաշմանդամության խումբ տրամադրելու համար:
Իսկ ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանի հավաստմամբ՝ ձգտել են կոռուպցիոն երեւույթները վերացնել իրավապահ համակարգից, առաջին հերթին` դատախազությունից, ինչը «կարծես թե հաջողվել է եւ նվազագույնի հասցվել»: «Կոռուպցիոն հանցագործություն չի նշանակում միայն դրամական միջոցների ստացում: Ասում եմ՝ նվազագույնի է հասցվել, հաշվի առնելով, որ մարդկային գործոն գոյություն ունի»,- օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է գլխավոր դատախազը՝ «Երկիր»-ի թղթակցի հարցին ի պատասխան շեշտելով, որ կոռուպցիոն հանցագործություններն ամենաշատն են հանրապետության առողջապահության, կրթության ոլորտներում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում:
Որպես օրինակ` մամուլի ասուլիսի ժամանակ նշվեց վերջերս ավարտված երկու քրեական գործերի նախաքննությունը, որոնցից մեկը Կովսականի, իսկ մյուսը` Շահումյանի շրջանի բուժմիավորումներին է վերաբերում: Դրանցից մեկով ամբողջովին վերականգնվել է պետությանը պատճառված 1 միլիոն 138 հազար դրամ վնասը, իսկ մյուսով պետությանը պատճառվել է 5,7 միլիոն դրամի չափով վնաս, որի մի մասն է առայժմ վերականգնվել, իսկ մյուս մասը վերականգնման փուլում է:
Նույն ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը համեմատականներ է բերել երկու կոռուպցիոն փաստերի միջեւ, որոնք, ըստ նրա, զարմանալի ավարտ են ունեցել. խոսքը 2010-ի գարնանը Արցախի պետհամալսարանի դասախոս Գեւորգ Դադայանի հետ կապված դեպքի մասին է, երբ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ուսանողից շուրջ 80 հազար դրամ կաշառք վերցնելու համար, այնուհետեւ նա դատապարտվել է ազատազրկման, իսկ ահա, Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում, «Արցախէներգո» ՓԲԸ-ում հայտնաբերված խախտումների նյութերիր հիման վրա չնայած քրեական գործ է հարուցվել 3 անձի՝ ընկերության նախկին ղեկավար Վալերի Բալայանի, «Տեխմոնտաժ» ընկերության ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանի եւ Գորիսի «ԱՐԷՌՍՈՒ» ընկերության տնօրենի նկատմամբ, քրեական գործի վարույթը կարճվել է եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել: Խոսքն այս դեպքում առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 40 մլն դրամի հափշտակության մասին է:
Գլխավոր դատախազի հավաստմամբ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ նախկինում նրանք արատավորված չեն եղել, կարճ ժամկետում խոստովանել են իրենց մեղքը եւ վերականգնել ընկերությանը հասցված վնասը, ինչը չէր արել ԱրՊՀ դասախոսը: Ստացվում է` որ դասախոսը մեղքը չխոստովանելու պատճառով դատապարտվել է ազատազրկման, չնայած կաշառք է վերցրել ընդամենը 80 հազար դրամ, իսկ 40 մլն հափշտակողները ազատության մեջ են:
Լրագրողներն արտահայտել են իրենց զարմանքը նաեւ այն կապակցությամբ, որ Արցախի պետհամալսարանում կաշառակերության համար այսքան տարի ձերբակալել են միայն մեկ դասախոսի, որն ուսանողների շրջանում այդքան էլ հայտնի չէր որպես կաշառակեր դասախոս, իսկ ահա «հայտնիներին», չգիտես ինչու, չեն ձերբակալում: Ի պատասխան` գլխավոր դատախազը նշել է, որ բողոք ներկայացնողներ չկան, ուսանողները չեն հայտարարում կաշառք տալու մասին, այդ իսկ պատճառով կաշառակեր դասախոսներին չեն բռնում: Ստացվում է, որ դա Արցախի պետհամալսարանում կաշառակերության դեպքերի բացահայտման միակ ձեւն է: Մի՞թե այլ ձեւեր գոյություն չունեն այս եւ մյուս ոլորտներում կոռուպցիոն դեպքերը բացահայտելու եւ կանխելու համար: Իսկ այս ֆոնին արդեն որերորդ տարին է` հանրապետության ղեկավարության յուրաքանչյուր այցելության ժամանակ խոսվում է համալսարանում կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, սակայն, ինչպես ասում են, «սայլը տեղից չի շարժվում»:
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ