Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պնդում է, որ 2006 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ Վեհափառը բառացի ասել է. «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»: Սակայն Սանահինի հարցը ոչ թե ինքն է բարձրացրել կաթողիկոսի մոտ, այլ հանդիպման մեկ այլ մասնակից` Արմեն Հախնազարյանը, որի հարցը, ըստ Կարապետյանի, ակնհայտորեն դուր չի եկել Գարեգին Բ-ին. «Վեհափառը խոժոռվեց, ձեռքը պարզեց ու ասաց՝ ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուշարձանագետը չմոռացավ հայտնել նաեւ, որ Վեհափառն այդ հանդիպման ժամանակ ասել է, որ թույլ չի տա, որ Խոր Վիրապի, Սուրբ Էջմիածնի եւ Գեղարդի վանքերից մի քար ընկնի, ու կրկնել է. «Ես սարերի վրա եղած վանքերի հետ կապ չունեմ, և այս պահին այլ օբյեկտների շինարարություն է իրականացվում»:
Բանավեճին մասնակից` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանը հերքեց հուշարձանագետի ասածը եւ նշեց. «Ես հերքում եմ, որ Վեհափառը նման բան է ասել, հատկապես` այն մանրամասները, որոնք ներկայացրեց Սամվել Կարապետյանը: Վեհափառը չէր կարող եկեղեցու շինարարության մասին խոսելիս օբյեկտ ասել»:
Տեր Վահրամը հայտնեց նաեւ, որ այդ հանդիպման ժամանակ խոսքը եղել է առաջնահերթությունների մասին, որ որեւէ վանքի կամ եկեղեցու վերանորոգում անտեսված չէ Մայր Աթոռի կողմից: Նա ափսոսանք հայտնեց, որ այս օրերին հնչած բոլոր դիտակումներն ու հայտարարությունները տպավորություն են ստեղծել, թե Մայր Աթոռը հետաքրքրված չէ իր սրբավայրերով, այլ միայն անհատներն ու երիտասարդներն են մտահոգ:
«Վերջին տարիներին Մայր Աթոռի կողմից նորոգվել են հարյուր վանքեր ու եկեղեցիներ: Որեւէ եկեղեցու կամ սրբավայրի նորոգում Մայր Աթոռի ու Վեհափառի կողմից անտեսված չէ, սակայն Մայր Աթոռը չունի այն միջոցները, որ վերանորոգի բոլոր վանքերն ու եկեղեցիները: Այստեղ կա պետական հոգածության կարիք»,- ասաց Տեր Վահրամը` հիշեցնելով, որ Վեհափառն ինքն անձամբ Սանահինի վանքը վերանորոգելու համար ժամանակին բարերար է փնտրել:
Ինչ վերաբերում է քննարկումներին ու բանավեճներին, ըստ նրա` Մայր Աթոռը դրանց դեմ է, սակայն սոցիալական ցանցերի քննարկումների «լեզուն, վիրավորանքներն ու անպարկեշտությունը պատիվ չեն բերում երիտասարդներին, ովքեր իրենց ազգասեր են համարում»: