կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-21 16:02
Հասարակություն

Նախագահը մեկնել է Շիրակի մարզ

Նախագահը մեկնել է Շիրակի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ:

Մարզի Ամասիա համայնքում հանրապետության ղեկավարն այցելել է հիմնանորոգվող կենտրոն-մանկապարտեզի շենք, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ վերակառուցվող այդ շենքի շահագործման հանձնելուց հետո, համայնքը կունենա 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ և համայնքի կենտրոն: Նշվել է, որ շինարարական աշխատանքներն սկսվել են 2010թ. օգոստոսի վերջին, իրականացվել է աշխատանքների գրեթե 80 տոկոսը, նախատեսված է շինարարությունն ավարտել ս.թ. նոյեմբերին:

Ամասիայում նախագահը ներկա է գտնվել  կարի նորակառույց ֆաբրիկայի բացման արարողությանը: Ընկերությունը նախատեսում է սկզբնական շրջանում բացել 150 աշխատատեղ, հետագայում՝ մեկ տարվա ընթացքում, աշխատողների թիվը կրկնապատկել՝ հասցնելով 300-ի: Կարի ֆաբրիկայի ստեղծման հիմքերը դրվել են 2009 թվականին՝ «Ամասիայի վերականգնման» հիմնադրամի և հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության համագործակցության արդյունքում:

Հիմնադրամի պատասխանատուների հավաստմամբ` հեռանկարային զարգացման ծրագրերում են նաև նոր եկեղեցու կառուցման աշխատանքներն ու համայնքի ենթակառուցվածքների զարգացումը, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2014թ: Այդ ծրագրի շրջանակներում համայնքը շուտով կունենա նոր զբոսայգի, որի նախագծային-հաշվարկային աշխատանքներն արդեն ավարտված են, կբարեկարգվի համայնքի կենտրոնական հատվածը և կհիմնվի նոր թաղամաս: Նախատեսվում է նաև կինոթատրոնի շինարարություն և քաղաքի համար հատուկ մուտքի կառուցում` գեղեցիկ ճարտարապետական լուծումներով: Արդյունքում՝ տարածաշրջանում կստեղծվի շուրջ 500 աշխատատեղ՝ ոչ միայն Ամասիայի, այլև մարզի մյուս գյուղերի բնակիչների համար:

Ամասիա այցի ճանապարհին նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև կանգառ է ունեցել Բանդիվան համայնքում, որտեղ զրուցել է բնակիչների հետ, հետաքրքվել մի քանի ամիս առաջ Բանդիվան կատարած իր նախորդ այցի ժամանակ քննարկված առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքներով: Բնակիչները տեղեկացրել են նախագահին, որ բոլոր խնդիրները նախատեսված ժամկետում լուծվել են: Մասնավորապես` «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ն որոշակիորեն ընդլայնել է մթերման և արտադրական ծավալները, լուծվել է համայնքի գազիֆիկացման խնդիրը, Բանդիվանին հատկացվել է անհրաժեշտ գյուղտեխնիկա: