կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-19 11:14
Առանց Կատեգորիա

Շոուն սկսված է

Շոուն սկսված է

«Էրեբունի» հյուրանոցի մոտ երեկ ժամը 15:30-ից մի այնպիսի իրարանցում էր, որ պատահական անցորդները մոտենում ու անմեղ հայացքով հետաքրքրվում էին, թե ի՞նչ է այդտեղ կատարվում: Լրագրողներս էլ (ի դեպ, կային լրատվամիջոցներ, որ միանգամից մի քանի լրագրող ու լուսանկարիչ էին ուղարկել` այդ «հույժ կարեւոր ու հանդիսավոր իրադարձությունը» լուսաբանելու) սպասում էինք, թե երբ կժամանեն «ընտրյալները». ժամը 16:00-ին կայանալու էր իշխող կոալիցիա՟ՀԱԿ առաջին աշխատանքային հանդիպումը:

Սկզբում ժամանեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, հետոՙ ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ այս քայլով նոր մշակույթ է ձեւավորվումՙ երկխոսության նստելու նույնիսկ ամենաարմատական ընդդիմադիրների հետ, իսկ երկխոսության մասին միայն հանդիպումից հետո կարող է որոշակի կարծիք հայտնել:

Այնուհետեւ նույն մեքենայով ժամանեցին ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն ու հանրապետական Դավիթ Հարությունյանը, այնուհետ¨ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները` Մհեր Շահգելդյանն ու Խաչիկ Հարությունյանը: Լրագրողների հետ «շփվեց» միայն Վարդան Բոստանջյանը: Նա ասաց, որ երկխոսության համար հատուկ օրակարգ չեն մշակել, եւ այն տԵղում կձեւավորեն:

ՀԱԿ ներկայացուցիչները` Լեւոն Զուրաբյան, Դավիթ Շահնազարյան, Վահագն Խաչատրյան, Ֆելիքս Խաչատրյան, Սամվել Աբրահամյան, ժամանեցին ամենավերջում, ուղիղ ժամը 16:00-ին: Վահագն Խաչատրյանից իմացանք, որ առայժմ պատրաստվում են լսել: Լրագրողների դիտարկմանը, թե իշխանությունն ասում է, որ օրակարգ չունի, նա պատասխանեց. «Կներեք, բայց իրենք են մեզ հրավիրել»:

Այնուհետեւ պատվիրակները բարձրացան նիստերի սրահ, ուր լրագրողներին ու օպերատորներին թույլ տվեցին մնալ ընդամենը մի քանի րոպե: Հասցրեցինք նկատել, որ սեղանը կլոր էր, եւ կոալիցիայի ու կոնգրեսի ներկայացուցիչները նստեցին դեմ դիմաց: Յուրաքանչյուրի առջեւ սպիտակ մաքուր թուղթ էր դրված ու մատիտ: Այսքանը տեսանք, որից հետո մեզ դուրս հրավիրեցին:

Հանդիպումն, ինչպես եւ սպասվում էր, ընթացավ փակ դռների հետեւում. ստիպված էինք սպասել ավելի քան երկու ժամ, մինչեւ դռները բացվեցին, ու առաջինը դուրս եկան կոալիցիայի ներկայացուցիչները: Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենք ներկայացնում են կոալիցիան` գործադիր իշխանությանը եւ կոալիցիայի նախագահին` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի: Երկխոսողներն առաջին ժամադրության ընթացքում օրակարգ չեն ձեւավորել եւ թեեւ նախապես հայտարարել էին, թե եկել են հակառակ կողմին լսելու, երկու կողմ էլ միայն խոսել էին եւ ներկայացրել իրենց տեսակետները. քննարկում չէր եղել: «Մենք փոխանակեցինք մտքեր այն հարցերի վերաբերյալ, որոնք համարում ենք հրատապ»,- ասաց նա` ավելացնելով, որ սա Հայաստանում նոր քաղաքական մշակույթի ձեւավորման հիմքն է: Իսկ հանդիպման նպատակը, ըստ կոալիցիայի պատվիրակության ներկայացուցչի, բացարձակ հակամարտությունից դեպի ավելի համագործակցային աշխատանքի անցումն է: Սակայն դա չի նշանակում, որ քաղաքական տարաձայնությունները հարթվելու են: Դավիթ Հարությունյանը նաեւ չբացառեց, որ պատրաստ են երկխոսել նաեւ արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ: «Ոչ մի հարց մենք չենք բացառում»,- ասաց նա` նշելով, սակայն, որ վաղ է այդ մասին խոսել: Թեեւ նախապես հայտարարվեց, թե լրագրողների հետ նախ շփվելու են կոալիցիայի, ապա ընդդիմության ներկայացուցիչները, սակայն Դավիթ Հարությունյանի խոսելու ընթացքում ՀԱԿ ներկայացուցիչները փորձեցին «ճողոպրել», եւ լրագրողները ստիպված եղան թողնել Դավիթ Հարությունյանին եւ վազել նրանց ետեւից:

«Մեր գործընկերները հայտարարեցին, թե պատրաստ են քննարկել ցանկացած խնդիր, եւ չկան հարցեր, որոնք քննարկման ենթական չեն»,- ասաց ՀԱԿ-ից Դավիթ Շահնազարյանը` շեշտելով, որ շոշափվել է նաեւ արտահերթ ընտրությունների թեման: Իրենք էլ կրկնել են, որ «խորագույն ճգնաժամից» դուրս գալու միակ ելքը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են:

Լեւոն Զուրաբյանին էլ հանդիպման տեղը դուր չէր եկել: Նա շարունակում էր պնդել, թե ավելի չեզոք տեղ էր պետք բանակցելու համար` օրինակ` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը: Իսկ լրագրողների հարցին, թե «Օջախ» ռեստորանը կարո՞ղ էր «չեզոք գոտի» համարվել, Զուրաբյանը խորհուրդ տվեց հարցնել Գալուստ Սահակյանին:

Թեեւ մոտ մի ամիս առաջ ՀԱԿ համակարգողը հայտարարել էր, թե իշխանությունն իրենց առաջարկում է «գյալաջի» անել` կարծիքների փոխանակում կազմակերպելով, իսկ իրենք դրա ժամանակը չունեն, այս անգամ պնդեց, որ երկխոսությունը բոլորովին էլ «գյալաջի» չէ:

Ինչեւէ, թե երբ տեղի կունենա մի կողմի բնորոշմամբ «տունտունիկի», իսկ մյուս կողմի պնդմամբ` «գյալաջու» երկրորդ հանդիպումը, հայտնի չէ. քննարկելու են...

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ