Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղնախարարության կոլեգիայի հունիսի 29-ի նիստում քննարկվել է «ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման» հայեցակարգի նախագիծ, որով նախատեսվում էր «... փոքր չափերի գյուղացիական տնտեսությունների լուծարում կամ վերակազմավորում եւ ... խոշոր ապրանքարտադրողների կողմից հողերի կենտրոնացում ...»:
Կոլեգիայի անդամ, «Ֆերմերային Շարժում» ՀԿ-ի նախագահ, ՀՀ կառավարության ԿԶԾ ՔՀՑ փոխնախագահ Սարգիս Սեդրակյանը դեմ է արտահայտվել այդ նախագծին` մտավախություն հայտնելով, որ գյուղացուց նրա ապրուստի միակ միջոցը` հողը, խլելով, նրան վերածելու են էժան, վարձու աշխատուժի` մատնելով սովի:
Ըստ նրա` աղքատ գյուղացուն այսօր օգնելու, ոտքի կանգնեցնելու փոխարեն, նրան է՛լ ավելի են մղում աղքատության գիրկը: Մտահոգված գյուղի, գյուղացու եւ գյուղատնտեսության ներկայիս վատթար վիճակով` Ս.Սեդրակյանն առաջարկել է վերոնշյալ հայեցակարգի փոխարեն քննարկման դնել «Ֆերմերային Շարժում» ՀԿ-ի կողմից մշակված եւ բազմաթիվ գյուղացիների, գիտնականների, մասնագետների, ինչպես նաեւ պետական, միջազգային եւ ոչ կառավարական որոշ կառույցների ներկայացուցիչների կողմից բազմիցս քննարկված ու ներդրման հավանության արժանացած «Պայմանագրային կոոպերացիան գյուղատնտեսության բնագավառում» ծրագրային հիմնադրույթի նախագիծը:
Ըստ սահմանման` «պայմանագրային կոոպերացիան աղքատ եւ ծայրահեղ աղքատ գյուղացիներին օգնելու, նրանց նոր ձեւավորված մանր բուրժուազիայից (ֆեոդալներից) եւ գյուղատնտեսական արտադրությունը խոշոր կապիտալի շահագործումից պաշտպանելու միջոց է, ինչպես նաեւ գյուղատնտեսական մանր ապրանքարտադրողներին միջազգային գյուղատնտեսական շուկա դուրս գալու, խոշոր ապրանքարտադրողների հետ մրցակցելու եւ միջազգային տարբեր գյուղատնտեսական միավորումների հետ ընդհանուր տնտեսությունների մեջ ներգրավվելու առավել մատչելի ուղի»:
Կոլեգիայի հունիսի 29-ի նիստում Ս.Սեդրակյանը ներկայացրել է ՀՀ-ում հողերի խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը եւ պայմանագրային կոոպերացիայի ներդրման առավելությունները: Նա նշել է, որ «Ֆերմերային Շարժում» ՀԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքր եւ մասնատված գյուղատնտեսական հողակտորների վրա առանձին տնտեսություններով գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելն արդարացված չէ, իսկ հողերի խոշորացման շնորհիվ կնվազեն գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության եւ բերքահավաքի հետ կապված տնտեսական ծախսումները, կնվազի արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքը, կհեշտանա գյուղացու ստացած բերքի իրացման կազմակերպումը, լիարժեք եւ արդյունավետ կօգտագործվեն գոյություն ունեցող ոռոգման ցանցը, գյուղատնտեսական հողատեսքերը, գյուղտեխնիկան եւ Հայաստանի բնական պաշարները, արդյունավետ կօգտագործվի առկա գյուղատնտեսական մասնագիտական եւ աշխատանքային ներուժը, կբարձրանա գյուղատնտեսական հիվանդությունների եւ վնասատուների դեմ կանխարգելիչ միջոցառումների կիրառման արդյունավետությունը, կզարգանա գյուղատնտեսությունը, տեղի կունենա գյուղատնտեսական արտադրանքի աճ:
Ըստ Ս.Սեդրակյանի` պայմանագրային կոոպերացիան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ձեւ է: Գյուղերում պայմանագրային կոոպերացիա իրականացնելու նպատակն է կամավորության հիմունքներով միավորել աղքատ եւ ծայրահեղ աղքատ գյուղացիներին` ձեւավորելով գյուղացիական միավորումներ, եւ գյուղացիների սեփականաշնորհված հիմնական միջոցները` հող, այգի, անասուն, եւ այլն, ու նախօրոք կազմված պայմանագրերի համաձայն` գյուղերում համատեղ կազմակերպել գյուղմթերքների արտադրություն:
Ըստ նախագծի` կոլեկտիվի անդամ հանդիսացող յուրաքանչյուր գյուղացի կոլեկտիվի հետ համաձայնեցնում եւ կնքում է պայմանագիր իր սեփականաշնորհված հողատարածքը որոշակի երկարատեւ ժամկետով (10 տարուց ոչ պակաս) կոլեկտիվի մյուս անդամների հողատարածքներին միավորելու եւ համատեղ օգտագործելու համար: Համաձայն կոլեկտիվի կանոնադրության` պայմանագրում նշված ժամկետից շուտ գյուղացին իրավունք չունի իր հողակտորով դուրս գալ կոլեկտիվից, քանի որ այդ հողակտորների վրա կոլեկտիվի անդամների կողմից արդեն ներդրված կլինեն որոշակի գումարներ: Պայմանագրում նշված ժամկետը լրանալուց հետո գյուղացին կարող է երկարացնել պայմանագրի ժամկետը` մնալով կոլեկտիվում կամ կարող է իր հողակտորով դուրս գալ կոլեկտիվից:
Կարող են լինել գյուղացիներ (հիմնականում` ծերեր, թոշակառուներ, եւ այլն), որոնք իրենց հողակտորները վարձակալական հիմունքներով կցանկանան հանձնել կոլեկտիվի տնօրինմանը: Կոլեկտիվի անդամների սեփականությունը հանդիսացող հողակտորները միավորելու եւ համատեղ օգտագործելու կոլեկտիվ պայմանագիրը, որում հստակ ամրագրված է հողակտորը կոլեկտիվին տրամադրման ժամկետը, հողի օգտագործման վճարի գործակիցները (դրույքաչափերը) եւ այլ մանրամասներ, քննարկվում եւ հաստատվում է կոլեկտիվի Ընդհանուր կամ Հիմնադիր ժողովի կողմից:
Պայմանագրային կոոպերացիայի կիրառման դեպքում, հողերի խոշորացման ակնկալվող դրական արդյունքներից բացի, նաեւ կնվազի աղքատությունը գյուղերում եւ կկարգավորվի գյուղացիների սոցիալական վիճակը` անկախ գյուղացիների ֆինանսատնտեսական հնարավորություններից, գյուղերում կստեղծվեն ապրելու եւ աշխատելու համար նորմալ պայմաններ, կժողովրդավարացվի տնտեսական կյանքը գյուղերում, կձեւավորվի գյուղացիների միջին խավ, կստեղծվի սոցիալական արդարության հասարակարգ, կպաշտպանվեն գյուղացիների իրավունքներն ու շահերը, կկանխվի գյուղերից արտագաղթը, կխթանվի գյուղատնտեսական մթերքների իրացման, մատակարարումների եւ սպասարկումների կոոպերատիվների ձեւավորումն ու արդյունավետ գործունեությունը, կավելանա գյուղական բնակավայրերում զբաղվածության մակարդակը, գյուղատնտեսության բնագավառի մասնագետները կունենան կայուն աշխատանք, գյուղացիները ի վիճակի կլինեն ժամանակին վճարելու պետության հարկերը, կգործի գյուղատնտեսական ապահովագրության համակարգը, գյուղերի վերականգնման եւ զարգացման համար հնարավոր կլինի ստեղծել որոշակի համապատասխան միջոցներ:
Կոլեկտիվներին տնտեսական գործունեության կամ աշխատանքային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության ու միջազգային կազմակերպությունների բարոյական եւ ֆինանսական աջակցությունը, մասնավորապես` առաջարկվում է տրամադրել 10 տարի ժամկետով վարկ (առաջին 3 տարին անտոկոս, մնացած տարիներին` 5 տոկոս դրույքաչափով), անվճար գյուղտեխնիկա (1 հատ տրակտոր իր գյուղգործիքներով` 50-100 անդամ ունեցող կոլեկտիվների համար), զեղչ գներով պարարտանյութ, սերմնացու, թունաքիմիկատներ եւ դիզվառելիք (առաջին տարին կես գնով):
Վերը նշվածից բացի, անհրաժեշտ է առաջին տարին կոլեկտիվներին ազատել ոռոգման ջրի եւ հողի հարկերից, նաեւ ՀՀ պետբյուջեով նախատեսել արտադրվելիք գյուղմթերքների պետական պարտադիր գնումներ աղքատ գյուղացիներով ձեւավորված կոլեկտիվներից (շուկայականից բարձր գներով):
Հուլիսի 1-ին տարածած հայտարարության մեջ Ս.Սեդրակյանը նշում է, որ փաստաթղթի ներկայացումից հետո կոլեգիայի որոշ անդամներ կարծես թե մրցավազքի մեջ էին մտել, թե ով ավելի շատ կքննադատի ներկայացված նախագիծը եւ նախարարի աչքին ավելի «պուպուշ» կերեւա:
«Կոլեգիայի որոշ անդամներ (նախկին շրջկոմի քարտուղար Կիմ Եգանյան, նախկին գյուղնախարար Աշոտ Ոսկանյան, նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյան, եւ ուրիշներ) վրդովված էին իմ զեկույցի նախաբանում գրված «... վերջին տարիներին Հայաստանում իրականացված եւ իրականացվող սխալ ագրարային քաղաքականության հետեւանքով ֆեոդալիզմը ներխուժել է հայկական գյուղեր, որպես արդյունք` խորացել է գյուղական աղքատությունը, աճել է գյուղական արտագաղթը, բազմաթիվ գյուղացիներ խրված են օրեցօր աճող հարկերի, վարկերի, պարտքերի ու տոկոսների մեջ, գյուղատնտեսություն էլ` հետզարգացում է ապրում ...» տողերից: Սակայն, որպես իրականացված սխալ ագրարային քաղաքականության հետեւանք, ես նրանց հիշեցրեցի սակավահող Հայաստանում մշակելի հողերի կեսից ավելին չմշակելը եւ հողերի դեգրադացիան: Գործարար Մարատ Ջանվելյանն էլ իրեն շատ վատ էր զգում «ֆեոդալ» բառը լսելիս: Նորաթուխ փոխնախարար Ռոբերտ Մակարյանն էլ չի տարբերում ծրագրային հիմնադրույթը բիզնես ծրագրից: Իմ մտահոգությունները որոշ չափով կիսեց միայն կոլեգիայի անդամ Ռոզա Ծառուկյանը:
Իր ամփոփիչ ելույթում նախարար Սերգո Կարապետյանն էլ խոսեց նախագծում նշված նյութատեխնիկական միջոցների ձեռքբերման եւ այլ աջակցությունների անհնարինության մասին: Սակայն նախարարին ես հուշեցի ճապոնական դրամաշնորհով Հայաստան ներկրված անվճար գյուղտեխնիկայի, պետության կողմից 1-ին տարին կոլեկտիվին անհրաժեշտ սերմնացուի, պարարտանյութի, թունաքիմիկատի եւ դիզվառելիքի գնման գների հնարավոր սուբսիդավորման, արտերկրից շատ ցածր տոկոսներով ՀՀ մտնող վարկերի, բանակի եւ այլ կարիքների համար աղքատ կոլեկտիվներից իրականացվելիք հնարավոր գնումների մասին: Բոլոր դեպքերում ես այն կարծիքին եմ, որ եթե լինի աջակցելու ցանկություն եւ պետական սրտացավություն, ապա միջոցներ միշտ էլ կգտվեն: Մեր երկրում այսօր աղքատ գյուղացիությունը կազմում է ընդհանուր գյուղացիության ճնշող մեծամասնությունը, սակայն ներկրված ցորենի սերմնացուն տրամադրվեց 15 հա-ից ավելի հողատարածք ունեցողներին, գյուղտեխնիկան տրամադրվեց 40 հա-ից ավելի հողատարածք ունեցողներին, եւ այլն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գյուղնախարարությունը աշխատում է հարուստների համար, քանի որ ինչ ծրագիր էլ որ գյուղում արվում է, որպես արդյունք` հարուստն էլ ավելի է հարստանում, իսկ աղքատն` էլ ավելի աղքատանում: Հիշեցնեմ, որ այսօր գյուղի առջեւ 2 հիմնական խնդիր գոյություն ունի` գյուղական աղքատության նվազեցում եւ բնակչությանը անհրաժեշտ պարենամթերքով ապահովում: Իմ կողմից ներկայացրած նախագիծը լուծում էր նշված 2 խնդիրն էլ:
Սակայն, ինչպես երեւաց գյուղնախարար Սերգո Կարապետյանի մոտեցումից, գյուղնախարարությունը տրամադրված չէ օգնել աղքատ գյուղացուն, իսկ նրանց տրամադրած մի բուռ գարին եւ մի բուռ խոստումները, կարծում եմ, գյուղացուն պետք չեն: Գյուղացին պետական լուրջ ծրագրերի եւ աջակցության կարիք ունի: Ես կարծում եմ` գյուղնախարարությունը շուտով կներկայացնի կոոպերացիայի ծրագրի իր նախագիծը, գյուղացիներին շփոթության եւ մոլորության մեջ կգցի, իսկ որպես արդյունք` կրկին կշահի ունեւորը: Կոլեգիան մերժելով ներկայացված փաստաթուղթը` միաժամանակ որոշեց նախագծից առանձնացնել որոշ մտքեր եւ հետագայում դրանք օգտագործել մշակվելիք փաստաթղթերում»,- ասված է «Ֆերմերային Շարժում» ՀԿ-ի նախագահի հայտարարության մեջ: