կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-27 14:41
Իրավական

Պարզվում է` բոլորս Արզաքանցյանի ծառաներն ենք

Պարզվում է` բոլորս Արզաքանցյանի ծառաներն ենք

Երբ «Հետքը» հրապարակեց Ֆրանսիայում ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ունեցվածքի, բիզնեսի եւ նրա կողմից այդ ամենը չհայտարարագրելու մասին հոդված, նախ նա ասաց, որ հերքելու է, և մեր գրածների համար պատասխան ենք տալու: Հերքում չի եղել առ այսօր, եւ կարծում եմ` հերքելու բան չկա պարզապես:

Պատգամավորի շրջապատի մարդիկ կա'մ նրա դրդմամբ, կա'մ էլ սեփական նախաձեռնությամբ զանազան նամակներ են գրում, որոնցով սպառնում են, վիրավորում «Հետքի» լրագրողներին եւ հոդվածի հեղինակներին:

Սովորաբար նման մեկնաբանությունները կամ նամակները ուղղակի ջնջում ենք: Այս անգամ, քանի որ դրանք բազմաթիվ էին և շարունակական, որոշեցինք պարզել, թե ովքեր են դրանց հեղինակները:

Գագիկ Հայրապետյանը հոդվածի մեկնաբանության դաշտում գրել էր. «Ինչ գործ ունեք մեր քյավառցուց, դուք ճանաչո՞ւմ եք, թե ինքը ինչ թագավոր մարդ ա, որ տենց բան եք գրում: Դուք ճիճու եք նրա համար, դե կարաք կանգնեք դիմացը խոսացեք: Թե՞ պարապ եք մնացել, այսինքն` նախանձությունը խոսում է ձեր մեջ, կամպյուտուրի դեմները դուխներդ 1000 է: Ինքնա սխալ, որ շատ բարի մարդ ա ու ձեզ չի պատժում, բոլորիտ շատ վատ ձեւերով, ոնց որ բոլորն են անում, դրա համար էլ շատ չեն գրում ուրիշների մասին ու վախում են խոսան: Բայց համոզված եմ, որ իրա ազգի մեջ կգտնվեն շատ մարդիկ, որ սաղիտ պատժելու են»:

Եվ ահա սույն Գագիկ Հայրապետյանը արդեն իմ անձնական հասցեին է գրել. «Էդիկ հաստատ Թագավորա (խոսքը Արզաքանցյանի մասին է) ու դու էլ Արզաքանցյանի ծառան ես, ձեզ բոլորտ հավաքեք ոտերդ ու ձերքերդ ջարդել կտամ, հանկարծ Արզաքանցյանների անունի հետ չխաղաք»:

Ես Գագիկ Հայրապետյանին միանգամից պատասխանեցի` առաջարկելով հանդիպել: Այս անգամ Գագիկ Հայրապետյանը այսպես պատասխանեց. «Որ շարունակեք գրել ոչ թե կհանդիպենք այլ կգտնենք քեզ ու շատերին ու վատ կպատժենք. էլ չենք գրելու ձեզ, էս զգուշացումա»:

Նման բովադակությամբ մեկնաբանություններ էր գրում Արզաքանցյանի համակիրներից մեկ ուրիշը` step անունով: Բավականին ժամանակ պահանջվեց` պարզելու step-ի ինքնությունը: Նա իր մեկնաբանությունները թողնելիս տարբեր հասցեներ էր գրում. դրանք հիմնականում գոյություն չունեցող հասցեներ են: Եվ ահա դրանցից մեկով գրած մեր նամակին արձագանք եղավ:

Պարզվում է` step-ը Գավառում ծնված Կարեն Սարգսյանն է: Նրա հեռախոսահամարն էլ հայտնի դարձավ, նա զբաղվում է մեքենաների առքուվաճառքով: Էլեկտրոնային հասցեով «Ֆեյսբուք»-ում գտանք նաեւ նրա լուսանկարները:

Նրան նույնպես առաջարկեցի հանդիպել, ասաց` եկեք Աբովյան: Բնականաբար, գրեցի, որ նշի հանդիպման վայրը: Դրան Կարեն Սարգսյանը [email protected]ից էլեկտրոնային հասցեից պատասխանեց. «...դու հանգիստ նստի, կարեւորը քեզ արդեն գտել են, էս մեյլին էլ մի գրի, համբերի ամեն ինչ լավ կլինի, ով որ գրելա, իրա հետ էլ կհանդիպես արխային, իրա հարցերին էլ կպատասխանես, էս իմ մեյլն է, հիմա արդեն պասվորդը փոխվելա, մենակ ես դոստուպ ունեմ, նենց որ դու մի գրի ինձ, ով որ պետք է, իհարկե դու էլ իրան ես պետք, քեզ կհանդիպի»:

«Հետքի» հետ աշխատող իրավաբաններն ասում են, որ սպառնալիքների մասին պետք է անպայման տեղեկացնել իրավապահ մարմիններին: Եվ այս հրապարակումը նաեւ նրանց համար է:

Էդիկ Բաղդասարյան