կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-12 02:48
Մշակույթ

Երիտասարդները` հանուն ազգային երաժշտության տարածման (լուսանկարներ)

Երիտասարդները` հանուն ազգային երաժշտության տարածման (լուսանկարներ)

«Հայֆոն» երիտասարդական շարժման նախաձեռնությամբ` ազգային երաժշտության մի խումբ սիրահարներ Արամ Խաչատրյանի արձանի մոտից սկսեցին իրենց «երգապարային» երթը դեպի մետրոյի «Երիտասարդական» կայարան: Ճանապարհին երիտասարդները ոչ միայն երգեցին, այլև Մոսկվա կինոթատրոնի և Ավ. Իսահակյանի արձանի մոտ ներկայացրին հայկական պարը:

Ինչպես նշեց երաժշտական երթի մասնակից Սպարտակը, ինքը, մասնակցելով այս միջոցառմանը, ցանկանում է իրեն իսկական հայ զգալ. «Սա այն միջոցառումներից է, երբ արյանդ մեջ զգում ես հայկական հաղթական ոգին, որը մեզ ժառանգել են մեր պապերը: Մենք պարտավոր ենք հիշել այս հաղթական երգերը»:

Երթին մասնակցում էին ոչ միայն «Հայֆոնի» անդամները, այլև բոլոր նրանք, ովքեր գնահատում են ազգային երգն ու պարը: Դա էր պատճառը, որ ճանապարհին երգող խմբին միանում էին պատահական անցորդներ:

Երիտասարդական շարժման հիմնադիր-անդամներից Մանան Առաքելյանը նշեց, որ «Հայֆոնը» հիմնադրվել է «Միտք» վերլուծական կենտրոնի կազմակերպած լրագրողական դասընթացների արդյունքում, և խմբի անդամների հիմնական նպատակն է Հայաստանում տարածել ազգային արժեքները, հատկապես` երգարվեստն ու պարարվեստը. «Հայկական հեռուստաեթերում ձևավորել երաժշտական այլընտրանքային տարբերակ, մարդկանց, ինչպես նաև պետական պատկան մարմիններին ցույց տալ, որ ազգային արժեքները չեն կորել, իսկ բազմաթիվ երիտասարդներ դրանց կրողն ու շարունակողն են»:

Խմբի մեկ այլ հիմնադրի` Լուսինե Սաֆարյանի խոսքերով` երիտասարդները հավաքվել են ոչ թե ընդդեմ ինչ-որ երաժշտական ժանրի, այլ հանուն ազգային երաժշտության, որն այսօր անտեսված է:

Երիտասարդները մինչև մետրոյի «Երիտասարդական» կայարան հասնելը կատարեցին քսան երգ, այդ թվում` «Արաբո», «Գետաշեն», «Գինի լից», «Զարթնիր, լաո», «Հայեր, միացեք» և այլ երգեր:

«Վերջին կանգառում» երիտասարդները բեմադրեցին ազգային գեղեցիկ պար, որին զուգահեռ շարունակում էին երգել:

Նշենք նաև, որ երթի ամենափոքր մասնակիցը վեց ամսական Արսենն էր, որին, մայրիկի խոսքերով, մեծացնում են ազգային ոգով. «Կարծում եմ` երբ որդիս մեծանա, ինքն էլ մեզ նման կսիրի ազգային արժեքը: Սա զուտ հայրենասիրություն չէ, այլ ազգային գիտակցության ձևավորում»:

Խմբի անդամներից Նունե Հայրապետյանը նշեց, որ իրենք պատրաստվում են մշակույթի նախարարին բաց նամակ ուղարկել` խնդրանքով, որ օրենք սահմանվի, ըստ որի` օրական գոնե մեկ ժամ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով ազգային երգեր հնչեն:

Հ.Գ. Վերջում երիտասարդները պայմանավորվեցին շարունակել նման երաժշտական «հանրահավաքները», քանի որ մարդիկ, իրոք, ազգային երաժշտության պակաս ունեն:

Հարություն ԾԱՏՐՅԱՆ

Անուշ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ