կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-04 00:03
Առանց Կատեգորիա

Ագրեսիան հանդուրժելը հանդուրժողականություն չէ

Ագրեսիան հանդուրժելը հանդուրժողականություն չէ

«Ղարաբաղցի-հայաստանցի» տարանջատումը ադրբեջանական քարոզչական այն թեզերից մեկն է, որը հեշտությամբ ընկել է մեր մեջ ու ակտիվորեն շրջանառվում է:

Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը բացատրեց, որ ադրբեջանական պրոպագանդայի կողմից հաճախ շահագործվում են հայերի սոցիալական խնդիրները. «Ադրբեջանական քարոզչությունը փորձում է այդ բողոքը պրոեկտել Արցախի վրա,  այսինքն` կա Արցախը, դրա համար էլ վատ եք ապրում, քանի որ  ձեր երկրի բոլոր ռեսուրսները ծախսվում են Արցախը պահելու համար»:

Եվ այս դեպքում հասարակ մարդուն մեղադրել չես կարող. նա ապրում է օրվա հացը վաստակելու հոգսերով եւ առանձնապես տարված չէ ազգային վեհ գաղափարներով: Այս դեպքում պետք է այդ թեզերի թեմ հակաքարոզչություն արվի: Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ պիտի հասկանանք, որ Արցախի ազատագրված տարածքի կորուստի դեպքում ադրբեջանական ուժերի հետ շփման գիծն այդ հատվածում երկարում է մոտ երեք անգամ, հետեւաբար այն պահպանելու համար կպահանջվ երեք անգամ ավելի շատ ուժեր եւ ռեսուրսներ:

Ազատագրված տարածքը նաեւ կենսական նշանակություն ունի նաեւ մեզ համար. «Որեւէ տարածքային կորուստի դեպքում Սյունիքը դառնում է մարտական գործողությունների պոտենցիալ գոտի: Ինչն էլ իր հերթին կարող է պատճառ դառնալ տեղի բնակչության արտագաղթին: Այնպես որ, նույն շարքային քաղաքացին էլ, ով այսօր Արցախը պոկում է հայկականությունից, պետք է գիտակցի, թե ինչ սպառնալիքների առջեւ է կանգնում երկիրը։ 

«Հասարակությունը ապաքինվում է հաղթանակներով: Հիմա մենք հաղթանակ ունենք, բայց արի ու տես, որ վերջնական ապաքինման համար դեռ ժամանակ է պետք»,- ասաց Դ. Ջամալյանը:

Ռազմական հոգեբանը նշում է, որ մեր հասարակությանը հոգեբանորեն ճնշելու մյուս ձեւը պատերազմը վերսկսելու սպառնալիքն է. «Օգտագործում են մարդու խաղաղ ապրելու ցանկությունը: Ասում են, թե եթե ուզում եք խաղաղ ապրել, ապա պետք է հանձեք Արցախը, թե չէ պատերազմ կսկսենք, բայց 17 տարի է` չեն սկսում»:

Արցախյան հակամարտության վերաբերյալ բազմաթիվ են քարոզչական կեղծ թեզերը, որոնց մի մասը թվարկում է Կարեն Վրթանեսյանը` «Ինչքան կարելի է «օդում կախված» վիճակում մնալ», «Հարեւաններ ենք, պետք է վերջիվերջո հաշվենք» եւ այլն:

Առաջին հայացքից թվում է, որ սրանք բոլորը խաղաղասիրական, հանդուրժողական գաղափարներ են, սակայն դրանք արհեստականորեն սահմանափակում են կոնֆլիկտի` իրականում գոյություն ունեցող այլընտրանքային լուծումները, ստիպում մտածել միայն մեկ` ցանկացած գնով ադրբեջանցիների հետ բարեկամանալու ուղղությամբ.

Իսկ թե ի՞նչ միջոցներով են այս թեզերը ներթափանցում հայկական միջավայր, հստակ ոչինչ ասել չենք կարող: Սակայն, ինչպես նշեց Դ. Ջամալյանը, չի բացառվում, որ դրանք երկու կողմերի միջեւ երկխոսություն ստեղծող բազմաթիվ դրամաշնորհային ծրագրերի հետեւանք լինեն: Նման ծրագրերի շրջանակներում քարոզվում է հանդուրժողականություն, բայց հաճախ այդ հանդուրժողականության իմաստը խեղվում է.

«Հանդուրժողականությունը ենթադրում է հաշվի առնել միմյանց շահերը, փոխզիջել` բառի լայն իմաստով, հանդուրժել մարդու ապրելու իրավունքը: Բայց հանդուրժել դիմացինի ագրեսիվ նկրտումները արդեն հանդուրժողականություն չէ»:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ