կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 17:41
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատախազությունը ակնհայտ փաստերը անտեսելով՝ ուզում է փրկել Նիկոլ Փաշինյանին․ Արծվիկ Մինասյան

Գլխավոր դատախազության գործողությունները ապօրինի են, քանի որ չեն համապատասխանում Քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածի ընթացակարգին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց։

Նա և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը հայց են ներկայացրել ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության, որը քրեական գործ չի հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով:

Դատախազությունը ներկայացված հաղորդումը երկու մասի է բաժանել՝ ուղարկելով ԱԱԾ և ՀՔԾ, ինչով, ըստ դիմումատուների, ոչ միայն հաղորդման էությունն է խաթարել, այլև արհամարհել է այդ հաղորդումը։

Միտումը, ըստ Մինասյանի, ակնհայտ է՝ Դատախազությունը, ակնհայտ փաստերը անտեսելով հանդերձ, ուզում է փրկել Նիկոլ Փաշինյանին։

«Մեր բողոքը, որ բերված է ընդդեմ Դատախազության անգործության և ոչ իրավաչափ վարքագծի, նպատակ ունի նրանց օրինականության դաշտ վերադարձնել և իրականացնել պատշաճ քրեական վարույթ հարուցելու համար անհրաժեշտ նյութեր նախապատրաստելու գործընթաց։ Իսկ այդ գործընթացում բազմաթիվ փաստեր ստուգման ենթակա են՝ սկսած Նիկոլ Փաշինյանի և մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ կոնկրետ առերևույթ հանցագործություններ իրականացնելուց, ավարտած նրանով, որ այն շարունակվում է այսօր և ունի ծանր հետևանքներ թե՛ զոհերի, թե՛ գերեվարված անձանց տեսքով, թե՛ հայրենիքի տարածքները թշնամուն հանձնելու և բազմաթիվ այլ դրվագներով»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա վստահեցրեց, որ իրենց պայքարը չի կարող դադարել, մինչև այս փաստերը հերքվեն կամ հաստատվեն, իսկ հաստատման դեպքում Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության։

Արծվիկ Մինասյանը դատավարության ժամանակ ներկայացրեց հաղորդման մեջ նշված փաստերը, որոնք հիմնավորում էին առերևույթ դավաճանության կասկածը։

Մանրամասն՝ տեսանյութում․