կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-02 03:47
Առանց Կատեգորիա

Հայաստանը` էկոմիգրացիայի էպիկենտրոն

Հայաստանը` էկոմիգրացիայի  էպիկենտրոն

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերին նվիրված Կոպենհագենի խորհրդաժողովի շրջանակներից դուրս գերտերությունների առաջնորդներից պահանջվեց լուծումներ գտնել կլիմայի փոփոխության պատճառով առաջացած միգրացիան կանխելու համար:

Շրջակա միջավայրի վատթարացումն արդեն իսկ պատճառ է դարձել միգրացիայի կամ տեղահանումների ողջ երկրագնդում, որի հիմնական հարվածն կրում են աշխարհի ամենաաղքատ երկրները: Վերջերս հրատարակված Միգրացիայի Միջազգային կազմակերպության զեկույցներից մեկում փորձագետները հայտնել էին, որ բնապահպանական գործոնների հետեւանքով միգրացիան կատարվում է հենց երկրների ներսում:

Օրինակ, ասիական մի շարք երկրներ աշխատանքներ են ծավալում գյուղից դեպի քաղաք զանգվածային միգրացիայի կառավարման համար, բայց տարերային աղետները ոչնչացնում են գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, այգինները, ստիպելով մարդկանց լքել իրենց բնակավայրերը եւ հաստատվել քաղաքներում:

Հաշվարկները ցույց են տալիս, որ միայն 1979-2008 թթ. ընկած ժամանակահատվածում աշխարհում միայն երաշտներից տուժել է 1,6 մլն մարդ, իսկ փոթորիկներից տուժածների թվի այդ թվիկ կրկնապատիկն է, ընդ որում, խոցելի են հատկապես աֆրիկյան երկրները: Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանով Հայաստանն ունեցավ 530 հազար էկոլոգիական միգրանտներ, որից հետո էլ 1990-ական թվականներից սկիզբ առավ զանգվածային արտագաղթը, որը կրեց սոցիալ-տնտեսական անվանումը:

Փորձագետները 1988-ից մինչ օրս Հայաստանում կատարվող միգրացիոն տեղաշարժերը դասակարգել են մի քանի պատճառների. Առաջին խումբը սոցիալ-քաղաքական միգրանտներն էին` ովքեր Միության մայրաքաղաքում ապահոված էին բնակարաններով, ունեին կապեր, ընկերներ եւ այլն:

Երկրորդ խումբն արդեն Սպիտակի երկրաշարժից հետո էկոլոգիական միգրանտների խումբն էր, որի հետեւանքով մեր երկրից հեռացան ավելի քան 60 հազար մարդ: Իսկ դրանից հետո մինչեւ 1995 թվականը, ըստ տարբեր գնահատականների, միգրանտների այս խմբի թիվն աճեց ու հասավ 150 հազարի:

Երրորդ խումբը փախստականներն ու բռնի տեղահանվածներն էին:

Չորրորդը սոցիալ-տնտեսական կամ աշխատանքային միգրացիան է, որի ծավալը վաղուց գերազանցել է էկոլոգիական միգրանտների եւ բռնի տեղահանվածների թիվը: Այսպիսով Հայաստանից մինչ օրս մշտապես հեռացել են 1- 1,2 մլն մարդ:

Ներկա բնապահպանական հիմնախնդիրների պատճառով, ըստ որոշ վերլուծաբաների, անկախությունից հետո երկրորդ անգամ Հայաստանը կունենա էկգոլոգիական միգրանտների մի մեծ խումբ: Այն բնակավայրերում, որտեղ կսկսեն շահագործել հանքավայրերը, կհատվեն անտառները, հողերը դեգրատացիայի կենթարկվեն, ջրերն էլ կաղտոտվեն, կառաջանա միգրանտների մի նոր խումբ, ովքեր, իրենց բնակավայրերը լքելով, կբռնեն կամ քաղաքի, կամ էլ արտերկրի ճամփան:

Վերջին 5-10 տարիններին վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայ գյուղացիներից շատերը հողի մշակությունից հույսը կորցրած դարձել են ներգնա միգրանտ, գյուղից տեղափոխվելով քաղաք: Պաշտոնական վիճակագրության համաձայն ներկա պահին 494 հազար հա վարելահողերից, այսօր արդեն 190-200 հազարը չի մշակվում, որի արդյունքում գյուղից արտագաղթը մեծ թվերի է հասել: Այս դեպքում պետությունն փորձում է մեղադրել գյուղացուն, թե ինչու է լքում իր գյուղը եւ չի մշակում հողը, բայց երբեք չի փորձում այսօրվա թագուջակով եւ բահով աշխատող գյուղացու դարդին դարման անել: Գյուղնախարարությունը որևէ լուրջ ծրագիր չի առաջարկում նման միգրացիան կանխելու համար, ինչը իր թիվ մեկ անելիքն է: Տարիներ հետո էկոլոգիական միգրատների խմբեր կստեղծվեն Լեռնաձորի, Հրազդանի, ինչպես նաեւ Թեղուտի տարածաշրջաններից, իսկ այսօր դրա մասին կառավարությունը լռում է: Այսօր Հայաստանում պաշտոնական տվյալներով շահագործվում է շուրջ 300 հանքավայր, որոնց մեծ մասը գունավոր մետաղների հանքավայրեր են, սակայն ընդերքը դատարկելուց եւ տասնամյակներ հետո ապականված հողակտորներ ժառանգելով մենք հաստատ կբախվենք էկոլոգիական հարկադիր միգրացիային:

Ըստ «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի` շատ կարեւոր է վերլուծել միգրացիայի բացասական ազդեցությունը Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա` ընդգծելով դրա աղետալիությունը: «Իմ գնահատականով այս պահին լուրջ արտահոսք այս ուղղությամբ չունենք, սակայն միտումներ կան: Շատ կարեւոր է էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ համապարփակ զեկույց ունենալը, որը չունենք մինչ օրս»,- ասաց բնապահպանը:

Հայաստանում այսօր հավանական էկոլոգիական միգրանտներ են համարվում նաեւ այն տարածքների բնակիչները, ովքեր բնակվում են սողանքային գոտիներում: Ըստ պաշտոնական հաշվարկների ներկայումս Հայաստանի տարածքում 2 հա մեծության սողանքների քանակը հասնում է 2504-ի, որտեղ առկա են 233 համայնքներ:

Գալուստ Նանյան

Լուսանկարը` հեղինակի