Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի վերաբերյալ հասարակական լսումների ժամանակ ՀԿ-ների բարձրացրած դժգոհություններն անպատասխան են մնացել:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ԱԶԲ մոնիտորինգի կազմակերպությունների աշխատանքային խմբի ղեկավար Սիլվա Ադամյանը նշեց, որ խումբը բազմիցս բողոք է հղել բանկին, որ հաշվետվություններում հասարակության կարծիքը հաշվի չի առնում: Ըստ նրա` կառուցվելիք ճանապարհի մերձակա գյուղերում բանկի գործունեության մասին անգամ տեղեկացված չեն: Իսկ ծրագրով նախատեսված է ճանապարհը երկու կողմից փակել ու ասֆալտապատվել, մինչդեռ դրա երկայնքով ձգվում են խնձորի այգիներ, փոքր բիզնեսի կետեր:
«Գյուղաբնակների խնդիրների կապակցությամբ կառավարությունն ու բանկը պատասխան չունեն, հայտնի է միայն, որ ինչ-որ տեղ կայանատեղի է լինելու, եւ այդտեղ ենթադրվում է, որ կթույլատրվի ապրանքը վաճառել»,- ասաց Ս. Ադամյանը:
Նա նաեւ հայտնեց, որ, օրինակ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղի հատվածում շինարարությունը լրջորեն ազդելու է վարելահողերի վրա, արդյունքում` տուժելու է 50-60 տնտեսություն: «Ուջանի գյուղապետը տրանսպորտի եւ կապի նախարարին նամակ-դիմում է ուղարկել, որ ճանապարհի ուղղությունը փոխեն, սակայն դա նույնպես անտեսվել է: Լուրջ խնդիր կա նաեւ` հուշարձանների հետ կապված. այդ հատվածում կա 22 հուշարձան, որոնք պետք է տեղափոխվեն, բայց մասնագետները գտնում են, որ դրանք տեղափոխելու հնարավորություն չկա»,- նշեց Ս. Ադամյանը:
Փաստորեն, ծրագրի հենց առաջին փուլում հանրությանը չեն տեղեկացնում իրականացվելիք աշխատանքների մասին, դա այն դեպքում, երբ բանկի կողմից տրամադրվելիք 500 մլն դոլար գումարը 1.5 տոկոսդրույքով դրվելու է բնակչության ուսերին: Հարց է ծագում` արդյո՞ք այդ ճանապարհն այդքան հարկավոր է մեզ, եւ որքանո՞վ այն կհաղթահարի աղքատության մակարդակը: Իսկ Հայաստանը դեռ չլուծված սոցիալ-տնտեսական առաջնահերթ խնդիրներ ունի: