կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-17 02:36
Հասարակություն

Սպառնացել են, որ "կկրծեն կոկորդը"

Սպառնացել են, որ "կկրծեն կոկորդը"

«Երկու երիտասարդ տղաներ էին, տաքարյուն, փորձեցին հիշեցնել, որ իրենք նաեւ տղամարդ են»,- ասում է Արարատյան հայրապետական թեմի Սբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը` պատմելով, թե «Եհովայի վկաներ» աղանդի երկու ներկայացուցիչներ ինչպես են հարձակվել իր վրա:

Աղանդավորները փորձել են հոգեորսություն իրականացնել եկեղեցու տարածքում, Տեր Եսային միջամտել է, խնդրել, որ նրանք հեռանան, իսկ երբ հոգեորսության փաստն արձանագրելու համար փորձել է բջջային հեռախոսով նկարահանել, երիտասարդները խլել են հեռախոսը, հարվածել նրա ձեռքին ու սպառնացել, որ «կոկորդը կկրծեն»:

Թվում է` արտառոց դեպք է, բայց արտառոց միայն իր ագրեսիվությամբ: Իրականում, ինչպես փաստում են եկեղեցու սպասավորները, աղանդավորական շարժման հետեւորդների կողմից միշտ էլ «հարձակումներ» եղել են հայ եկեղեցու դեմ, պարզապես վերջին շրջանում Եհովայի վկաներն ավելի ագրեսիվ են դարձել:

«Եհովայի վկաներն ամենուր են, քարոզում են որտեղ պատահի, բայց այս երեւույթի դեմ հայ եկեղեցին ոչինչ անել չի կարող` ո'չ օրենքի սահմաններում, ո'չ բարոյական տեսանկյունից»,- ասում է քահանան` պարզաբանելով, որ երբ «գործի վրա» բռնում են աղանդավորներին, նրանք ասում են. «Մենք հոգեորսություն չենք անում, ուղղակի քայլում ենք փողոցում»:

«Ցավն այն է, որ մենք այսօր չգիտենք` ինչ է հոգեորսությունը, չունենք համապատասխան օրենք, չունենք համապատասխան մոտեցում»,- փաստում է եկեղեցու հոգեւոր հովիվը:

Հայ եկեղեցին այս ամենի դեմ անկարող է պայքարել նաեւ այն պատճառով, որ աղանդավորները շատ լուրջ հովանավորներ ունեն: Չցանկանալով տեղական որեւէ գործչի անուն տալ, ով խրախուսում է նման շարժումը, Տեր Եսային նշեց, որ Հայաստանում հարցը բարձիթողի վիճակում է ոչ միայն այն պատճառով, որ անհատներն են մեղավոր, այլ խղճի ազատության օրենքի անկատար լինելու եւ օրենքի ոչ ճիշտ գործադրման պատճառով:

Լրագրողների հարցին` արդյո՞ք Հայ Առաքելական եկեղեցին չունի իր մեղքի բաժինը, քահանան նշեց, որ եկեղեցին ոչ մի մեղք չունի. «Այս հարցում եկեղեցուն մեղադրելը սխալ է: Եհովայի վկաները եկեղեցի են մտնում եւ պատարագի ժամանակ հավատացյալներին գաղտնի իրենց դիտարաններն են բաժանում, «Կյանքի խոսքը» կարող է եկեղեցու պատի թերթը գողանալ, որովհետեւ այնտեղ իրենց մասին հոդված է գրվել, էլ չեմ ասում, որ երբ եկեղեցին երեկոյան փակվում է, եւ տարածքը բնակիչներին ծառայում է որպես հանգստանալու կամ զբոսնելու վայր, այնտեղ անմիջապես աղանդավորներ են լցվում»:

Հայորդաց տների ընդհանուր տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանն էլ նշեց, որ Հայ եկեղեցուն մեղադրելուց առաջ նրան նախ պետք է հնարավորություն եւ իշխանություն տրվի. «Այն, որ Հայ առաքելական եկեղեցին 67 գրանցված կրոնական շարժումներից մեկն է, որին, նկատի ունենալով պատմական ընթացքը, մի քիչ շատ արտոնություն են տվել, ինքնին խոսում է այն մասին, որ նա առանձնապես բացառիկ դեր չունի, ի տարբերություն, օրինակ, վրաց կամ գերմանական եկեղեցու»:

Հոգեւորականները նաեւ նշեցին, որ թեեւ ամբողջ աշխարհը, այդ թվում` Հայաստանը, բղավում է, թե Եհովայի վկաներն այսօր ճնշված փոքրամասնություն են, բայց իրականում Հայ Առաքելական եկեղեցին խնդիր ունի նրանցից պաշտպանվելու, բայց չգիտի, թե ինչպես. «Առանց սահմանափակումների, առանց վախի նրանք կարող են մտնել ցանկացածի տուն կամ անձնական տարածք եւ ուղղակի քարոզչություն իրականացնել` առանց հաշվի առնելու տանտիրոջ հորդորները եւ խնդրանքները, որ հեռանան»: