Փոխարժեքներ
09 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.47 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 3.7947 |
GBP | ⚊ | £ 493.41 |
GEL | ⚊ | ₾ 139.63 |
Մարտի 28-ին ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը որոշում կայացրեց ստեղծել խորհրդարանական մարմնի կարգավիճակով օժտված երիտասարդական խորհրդարան, որը ե'ւ ձեւով, ե'ւ բովանդակությամբ բավականաչափ նման կլինի գործող խորհրդարանին:
Երիտասարդական խորհրդարանի ընտրություններն արդեն ավարտվել են, եւ այս ամիս 131 երիտասարդ պատգամավորները կսկսեն իրենց նիստերը ԱԺ լիագումար նիստերի դահլիճում:
«Երիտասարդական խորհրդարանը ոչ միայն դարբնոց կլինի ապագա պատգամավորների համար, այլեւ քաղաքական նոր մշակույթ կձեւավորի: Երիտասարդները հնարավորություն կունենան անմիջականորեն մասնակցել այն հարցերի քննարկումներին, որոնք կընթանան ԱԺ-ում»,- այսօր նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը` հավելելով, որ իրենք հեծանիվ չեն հորինում. աշխարհի բազմաթիվ երկրներում գործում են նմանատիպ խորհրդարաններ:
Լրագրողների հարցին` մտավախություն չկա՞, որ երիտասարդները կկրկնեն մեծերի սխալները, Ա. Դավթյանը պատասխանեց, որ սա հենց այն դաշտն է, որտեղ երիտասարդները, ընթերցելով Սահմանադրությունը, պետք է ուշադրություն դարձնեն պատգամավորին ներկայացվող կարեւորագույն պահանջներից մեկին, այն է`պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով եւ պետք է գործի խղճին ու համոզմունքին համաձայն: «Մենք աշխատում ենք ներգրավել հնարավորինս արժանի երիտասարդների, որոնք, ինչո՞ւ չէ, նաեւ մեծերից տարբերվող տեսակետներ կարտահայտեն հենց այն հարցերի շուրջ, որ քննարկվում են ԱԺ-ում»,- նշեց նա:
18-30 տարեկան ցանկացած քաղաքացի կարող է դառնալ երիտասարդական խորհրդարանի անդամ. նրանք կառաջադրվեն թե' կուսակցությունների կողմից, թե' ինքնաառաջադրման եղանակով: Երիտասարդական խորհրդարանի 20 պատգամավորը կլինի ՀՀԿ-ից, 9-ը` ԲՀԿ-ից, 5-ը` ՀՅԴ-ից, 3-ը` ՕԵԿ-ից, 2-ը` «Ժառանգությունից»:
Երիտասարդական պատգամավորները աշխատավարձ չեն ստանա, բայց մանդատ կունենան, որպեսզի ազատ ելումուտ ունենան ԱԺ:
Ինչ վերաբերում է թիկնապահներին, ապա Ա. Դավթյանը նշեց. «Ես չգիտեմ, թե ինչից ելնելով երիտասարդները պետք է թիկնապահներով շրջեն»: Երբ լրագրողները մատնանշեցին մեծերի օրինակը, Ա. Դավթյանը պատասխանեց, որ, օրինակ, ինքը երբեք թիկնապահ չի ունեցել եւ չի էլ պատրաստվում ունենալ: