Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Կենտրոնական բանկը երեկ հրապարակել է ՀՀ տարածքում գործող բանկերի ամփոփ նկարագիրը մարտի 31-ի դրությամբ, որից երևում է, որ այս տարվա առաջին եռամսյակում մասնավոր բանկերի վարկային պորտֆելն աճել է 7,3%-ով՝ հասնելով Դ1.025 մլրդ-ի։ Ըստ ոլորտների՝ բանկերի կողմից տնտեսության վարկավորման առաջատարը աճի առումով տրանսպորտի և կապի բնագավառն է (աճը՝ 17,9%), որին հաջորդում են գյուղատնտեսությունը (9,4%), արդյունաբերությունը (8,5%), առևտուրը (8,2%)։ Թերևս այս ֆոնին որոշակիորեն կայուն պետք է համարել բնակչության կողմից սպառողական վարկերի ներգրավման տեմպերի աշխուժացումը։ Այս տարվա առաջին եռամսյակում բնակչությանը տրված սպառողական վարկերն աճել են 8,8%-ով։ Սակայն շարունակում են խնդրահարույց մնալ հիփոթեքային շուկայի զարգացումները։ Տնտեսության ընդհանուր աշխուժացման ֆոնին հիփոթեքային շուկան մնում է լճացած վիճակում, իսկ այդ տիպի վարկավորման ծավալները զգալիորեն հետ են մնում ընդհանուր միտումներից (աճը՝ 2,9%)։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախորդ տարվա վերջին եռամսյակի միտումների համեմատ այս տարվա առաջին երեք ամիսներին առևտրային բանկերի վարկային պորտֆելում էական կառուցվածքային փոփոխություններ են կատարվել։ Եթե անցյալ տարվա համեմատվող ժամանակահատվածում մասնավոր բանկերի վարկային ներդրումների աճի առյուծի բաժինը (27%) պատկանում էր ֆինանսական սեկտորին, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ֆինանսական սեկտորին հատկացված վարկերի ընդհանուր փաթեթի 9,6% անկում է արձանագրվել։ Նույն միտումները բնորոշ են շինարարությանը։ Անցյալ տարվա վերջին բանկային վարկերի ներգրավման առումով շինարարության բաժինն աճել էր 14,6%-ով, ինչը կարելի է բացատրել կառավարության կողմից դրսից ներգրավված մեծածավալ վարկային միջոցները բանկային համակարգի միջոցով շինարարական ընկերություններ ուղղորդելու հանգամանքով։ Այս տարի, բնականաբար, այդպիսի լուրջ ռեսուրսներ չկան, և բնակարանային ու անշարժ գույքի շուկայի կոնյուկտուրայի թուլության պայմաններում թե՛ հիփոթեքային և թե՛ շինարարական ընկերությունների ներկայացրած վարկային պահանջարկն ընկել է, ինչն էլ անդրադարձել է մասնավոր բանկերի ցուցանիշների վրա։
Ի տարբերություն նախորդ տարվա վերջին եռամսյակի՝ այս տարվա առաջին եռամսյակում էապես ակտիվացել է տրանսպորտի և կապի, ինչպես նաև գյուղատնտեսության վարկավորումը։