Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարվա առաջին եռամսյակում բանկային համակարգն արձանագրել է աճ. տարեսկզբի համեմատ ակտիվներն աճել են 6,2%-ով, իրավաբանական անձանց վարկերը՝ 14%-ով, բայց բանկային հիմնական խաղորդների գործերն այդքան էլ փայլուն չեն եղել. նրանք կրճատել են պետբյուջե վճարած հարկերը։ Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին եռամսյակում բանկերը վճարել են Դ4,399 մլրդ (աճը՝ 1,2%)։
Հայաստանի բանկային համակարգի ակտիվները մեկ տարվա ընթացքում (այս տարվա մարտի վերջի ցուցանիշը համեմատվել է անցած տարվա մարտի վերջի ցուցանիշի հետ) աճել են 19%-ով, բանկերի վարկային պորտֆելը՝ 30%-ով, այնինչ բանկերի կողմից առաջին եռամսյակում վճարված հարկերի ծավալն աճել է ընդամենը 1,2%-ով։
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած «1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքեր» ցանկի՝ այս տարի առաջին եռամսյակում Հայաստանի 20 առևտրային բանկերը («Արցախ բանկի» տվյալները բացակայում են) ընդհանուր առմամբ վճարել են Դ4,399 մլրդ-ի հարկեր (աճը 2010թ. առաջին եռամսյակի համեմատ՝ 1,2%)։ Եթե հաշվի առնենք առաջին եռամսյակում հարկատու «Կասկադ բանկի» (անցած տարի երկրորդ եռամսյակում վաճառվեց «Ամերիաբանկին») վճարած հարկերը, ապա այս տարի առաջին եռամսյակում բանկային համակարգի վճարած հարկերը նույնիսկ կրճատվել են 0,5%-ով։
Բանկերի վճարած հարկերի կառուցվածքում առյուծի բաժինն ընկնում է ուղղակի հարկերին (շահութահարկ և եկամտահարկ)։ Եթե այս տարի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերում ուղղակի հարկերի մասնաբաժինը կազմում է 24,7%, ապա բանկային համակարգում այս ցուցանիշը կազմել է 89,2%։ Իհարկե, սա տպավորիչ ցուցանիշ է, բայց մյուս կողմից, նախորդ տարվա հունվար-մարտի ցուցանիշի համեմատ, բանկերի ուղղակի հարկեր/ընդհանուր հարկեր ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով։
Այս տարվա հունվար-մարտին բանկերի ուղղակի հարկերի տեսակարար կշռի նվազումը ընդհանուր համակարգում պայմանավորված է նրանց կողմից վճարված ուղղակի հարկերի ծավալի կրճատումով՝ Դ42,1 մլն-ով կամ 1%-ով, և փոխարենը անուղղակի հարկերի ծավալի 18,7% աճով։ Բանկային համակարգում ուղղակի հարկերի ծավալի Դ42 մլն-ով նվազումը մի փոքր անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ ըստ Կենտրոնական բանկի «ՀՀ տարածքում գործող բանկերի ամփոփ նկարագիր» հրապարակման՝ 2011թ. մարտի վերջի դրությամբ բանկերի չբաշխված շահույթը կազմել է Դ8 մլրդ, ինչը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է շուրջ 2 անգամ (2010թ. մարտի վերջին բանկերում չբաշխված շահույթը կազմել էր Դ4,3 մլրդ)։ ԿԲ-ի հրապարակած ցուցանիշների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում բանկերը վճարել են շուրջ Դ2 մլրդ-ի շահութահարկ, իսկ անցած տարի վճարված շահութահարկը կազմել է շուրջ Դ1 մլրդ։ Ստացվում է, որ այս տարի բանկերի վճարած ուղղակի հարկերի կառուցվածքում 51%-ը բաժին է ընկել շահութահարկին, այնինչ անցած տարի այդ ցուցանիշը կազմում էր 25%։