կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-28 02:49
Տնտեսական

Փողի գենոցիդ կլինի

Փողի գենոցիդ կլինի

«Հայաստանում ֆինանսական իրավիճակ չկա: Իսկ կայությունը` գերեզմանոցում էլ է կայունություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով երեկ ԿԲ-ի կողմից արված հայտարարությանը, թե երկրի ֆինանսական վիճակը կայուն է:

Նա նշեց, որ մեզ մոտ, որպես այդպիսին, բանկային համակարգ չկա, այն ընդհանուր տնտեսության մեկ քառորդ մասն է կազմում:

Բանկերում անպատիժ մթնոլորտ է տիրում: «Երբ դրամը 20 տոկոսով արժեզրկվեց, եւ  բանկերում կար 3 միլիոն դրամ, այն ժամանակ դա 9000 դոլար էր, մի օրում 7000 դարձավ: Ոչ ոք չբողոքեց, դատի չտվեց բանկերին»,- ասաց Հ. Բագրատյանը:

ԿԲ հայտարարությունը Բագրատյանը որակեց որպես «անգրագետ ֆրազաներ» եւ նշեց, որ ցինիկություն է այս ամենից հետո խոսել բանկային համակարգի կայունությունից:

Ինչ վերաբերում է կառավարության գնաճի զսպմանն ուղղված միջոցառումներին,նախկին վարչապետն ասաց, որ արվող քայլերը ոչ թե զսպում, այլ, հակառակը, խթանում են գների աճը:

«Ոչ մի լուրջ քայլ չեմ տեսնում գնաճը զսպելու ուղղությամբ: Միայն թանկացնում են  փողը. ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքները, բանկերը` վարկերի տոկոսադրույքները: Եվ սա էլ խրախուսում է նոր գնաճ, որը անվանվում է «քառատրոփ ինֆլյացիա»: Այսինքն` կառավարությունը, շնորհիվ մեր այնտեղի հանճարի, չափավոր գնաճը դարձրեց «քառատրոփ»,- ասաց Հ. Բագրատյանը:

Նա ասաց, որ Հայաստանում այս տարվա առաջին երկու ամիսների տվյալներով գնաճն իրականում կազմում է 18 եւ ոչ` 11 տոկոս:

«Բյուջեն կատարելու համար պետք է 10-15 տոկոս թանկացում լինի: Եթե պայքարում եք ինֆլյացիայի դեմ, պրոբլեմ կունենաք բյուջեի առումով»,- Հ. Բագրատյանը նշեց, որ կառավարությունն այս դեպքում երկընտրանքի առջեւ է կանգնելու` կամ կատարել բյուջեն կամ գնաճի զսպումը, եւ ընտրելու երկրորդը, քանի որ առաջինն անելու համար «չունեն խելք ու քաղաքական կամք».

«Կրկին կավելացնեն վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իսկ դա նշանակում է «փողի գենցոիդ»: