կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-16 02:47
Հասարակություն

Երբ քաղաքապետը շենքում չէ

Երբ քաղաքապետը շենքում չէ

Որ ավելի փոքր համայնքներում չինովնիկներն ավելի բյուրոկրատ են, ու իրենց զբաղեցրած դիրքն իրենց աչքին ավելի մեծ բան է երեւում, մեկ անգամ եւս համոզվեցինք այսօր, երբ փորձում էինք կապ հաստատել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ:

Քաղաքապետի ընդունարանի հեռախոսն առավոտից չէր պատասխանում, փորձեցինք նաեւ կեսօրից հետո` ապարդյուն: Մեզ հուզող հարցերն անտեր չթողնելու համար որոշեցինք զանգահարել մի քանի բաժինների պետերի` դարձյալ ապարդյուն:

Վերջապես կարողացանք մեկի հետ կապվել. քաղաքապետի աշխատակազմի ղեկավար Գագիկ Սիմոնյանն էր: Նրանից էլ տեղեկացանք, որ քաղաքապետը քաղաքում չէ, Երեւան է գնացել: Նոր միայն հասկացանք, թե ինչն ինչոց է:

Պարզվում է` ճիշտ էին մեզ հասած լուրերը, թե հենց քաղաքապետը ոտքը շենքից դուրս է դնում, էլ ներսում մարդ չես գտնի:

Ինչեւէ, համառ գտնվելով, զանգահարեցինք Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանի բջջայինին: Նա սկզբում ըմբոստացավ, թե կողմնակից չէ հեռախոսով հարցազրույցներ տալուն, բայց մեր պնդումներից հետո, ի վերջո, մի քանի կցկտուր պատասխան տվեց վթարային շենքերի ամրացմանը վերաբերող մեր հարցերին: Իսկ երբ որոշեց, որ այլեւս խոսելու տրամադրություն չունի, քաղաքավարի ձեւով հաջողություն մաղթեց ու անջատեց հեռախոսը:

Հետաքրքիր է, իսկ քաղաքապետը գիտի՞, թե իր բացակայության ժամանակ իր ենթականերից քանիսն են շենքում, եւ քանիսն են գործով զբաղված: