Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գետը` աղբավա՞յր, դե ուրեմն գնացեք ու տուգանք վճարեք. սա Վանաձորի քաղաքապետարանի որոշումն է, որով փորձում են պատժել քաղաքի տարածքով հոսող Վանաձոր գետը աղբ նետող բնակիչներին:
«Մեկ շաբաթ առաջ ենք գնացել եւ տեղում ուսումնասիրել այդ հարցը: Թաղամասի հիմնարկի տնօրենին հանձնարարվել է, որ աղբը մաքրի, նաեւ շատ խիստ հանձնարարություն ենք տվել, որպեսզի շուտափույթ ինչ-որ մեկին գտնի ու տուգանի, նույնիսկ տեղական հեռուստաալիքով ենք հայտարարություն տալու, որ ցանկացած մարդ, եթե գետի հունը աղբ թափի, կտուգանվի»,- ԵՐԿԻՐ-ին ասաց Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը:
Մեր հարցին` ինչո՞ւ են հանկարծ նման կտրուկ որոշում կայացրել, այն դեպքում, երբ խնդիրը նոր չէ, Լյովա Մելիքյանը պատասխանեց. «Դուք էլ եք Հայաստանում ապրում, մեր քաղաքացիներին գիտեք. էսօր նույնիսկ ազատ արկղը տեսնելով` աղբը բերում են կողքը գցում: Գետի տարածքը սեփական սեկտոր ա, մեքենան միշտ մտնում ա, ոնց որ միշտ մտել ա` սիգնալով-բանով, դե մարդիկ են էլի, էդքան են մտածում: Բայց մի քանի հոգու որ տուգանենք, ինձ թվում ա` կզգուշանան: Իսկ ինչ մնում է աղբին, մենք կմաքրենք, արդեն հանձնարարվել ա: Կմաքրենք, բայց դա էլ լուծում չի, այ, որ մի քանի հոգու նեղացնենք, լավ կլինի»:
Հարցին, թե ինչքա՞ն տուգանք է նախատեսվում, եւ ինչպե՞ս են «բռնեցնելու» «չարագործներին», պարոն Մելիքյանը պատասխանեց, որ համապատասխան հանձնաժողով են ստեղծել ու դեռ կորոշեն ինչպես կազմակերպել այդ ամենը:
Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանն էլ մեզ ասաց, որ նման վիճակում ոչ միայն Վանաձոր, այլեւ Տանձուտ գետն է, ուր տարիներ շարունակ կենցաղային ու շինարարական աղբ է թափվում:
«Խնձորուտ թաղամասում` Տանձուտ գետի մոտ, մտածեցինք աղբարկղեր տեղադրել այնտեղ, որտեղ հնարավոր չէ շրջիկ մեքենաների երթերն ավելացնել: Թաղամասային հիմնարկի տնօրենին էլ հանձնարարվեց ուշադրության կենտրոնում պահել»,- իրեն կատարածը ներկայացրեց Գ. Պառավյանը:
Ինչ վերաբերում է Վանաձոր գետին հարող թաղամասին, ապա նրա հավաստմամբ, «աղբահանությունն այստեղ շատ նորմալ է կատարվում, բայց, իհարկե, կան մարդիկ, որ շարունակում են աղբը լցնել գետի հունը»: Գ. Պառավյանը վստահեցրեց, որ այդ մարդիկ «շատ-շատ մեծ տուգանքներ կվճարեն»: «Մեկ անգամ կարող են աղբ թափել, երկու անգամ, բայց մի օր էլ հո կնկատվեն մեր հանձնաժողովի կողմից»,- վստահեցրեց նա` հավելելով, որ պահակային ծառայություն չեն դնի, բայց չափազանց ուշադիր կլինեն:
Նշենք, որ Վանաձորի, այսպես կոչված, սեփական սեկտորում աղբատար մեքենաները շրջում են շաբաթը մեկ անգամ, իսկ բնակիչները դժգոհում են, որ աղբը, տան բակում պահելով, պարարտ հող կստեղծեն առնետների բազմացման համար: Դա է պատճառը, որ գտել են հեշտ ելքը` կենցաղային աղբը տանում ու լցնում են մի քանի քայլի վրա գտնվող գետը:
Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ