Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդը, որը պետք է բռնի ընձառյուծ որսացողին, ինչքա՞ն աշխատավարձ է ստանում՝ 80 000-ից մինչև 150 000 ՀՀ դրամ. այսօր խորհրդարանում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` հայտարարելով, թե տպավորություն կա, որ որոշ նախագծեր ընդունվում են զուտ սիմվոլիկ նշանակություն ունենալու համար։
Որպես օրինակ` բերեց նոր օրենքը, որի համաձայն՝ ընձառյուծի որսի դեպքում տուգանքը բարձրացվում է մինչև 100 մլն ՀՀ դրամ։
Մարուքյանի համոզմամբ` լուրջ է նաև անտառապահների խնդիրը: «Մարդկանց հեկտարներով տարածք են տալիս` հսկողության, մի հատ մեքենա են տալիս կամ չեն տալիս, մի 80-100 հազար աշխատավարձ են տալիս և ասում՝ հսկի, ծառերը հանկարծ չկտրեն, գետերը չաղտոտեն, ընձառյուծ էլ չխփեն, եթե խփեն՝ ԱԺ-ն խոստացել է` 100 մլն ենք տուգանելու»,- ասաց նա`հավելելով․ «Էդ ո՞վ է բռնելու ընձառյուծ խփողին, որ տուգանեն, կամ որ բռնվի, այդ 100 հազար դրամ աշխատավարձ ստացո՞ղն է բռնելու»:
Ըստ պատգամավորի` նույն տեմպերով հենց հիմա էլ անտառները կտրում են, ինչպես նախկինում։
Մարուքյանը թեմայի առնչությամբ այլ հարց ևս ուղղեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին` անտառապահների թիվն ավելացնելու մտադրություն կա՞:
Նախարարը պարզաբանեց, որ աշխատավարձերի մասով համամիտ է, բայց որոշակի բարձրացում եղել է, մասնավորապես՝ Դիլիջան ազգային պարկում 75 000 դրամ էին ստանում, հիմա մոտ 150-170 հազար դրամ է ստանում անտառապահը։
Դիտարկմանը`թե ով կբռնի ընձառյուծ որսացողին, նախարարն արձագանքեց․ «Նույն ձև կարող ենք ասել` 500 000 դրամ ստացող դատավորը 10 մլրդ գողացող չինովնիկին ո՞նց կբռնի»։
Անդրադառնալով նաև անտառապահների թվի ավելացմանը` Գրիգորյանը տեղեկացրեց, որ չեն պատրաստվում ավելացնել, բայց դրա փոխարեն տեխնիկական միջոցներն են ավելացվելու: «Հիմնական հսկողությունը ճանապարհների վրա կդրվի և ոչ թե ամբողջ տարածքների»,- հայտնեց նա: