կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-29 13:08
Հասարակություն

Հրանուշ Հակոբյանը պատմեց, որ բանկերում գումար պահելու` սփյուռքահայերին ուղղված կոչը ծնվել է 2013-ին

Հրանուշ Հակոբյանը պատմեց, որ բանկերում գումար պահելու` սփյուռքահայերին ուղղված կոչը ծնվել է 2013-ին

Այսօր ԱԺ-ում լրագրողները Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից փորձեցին պարզել, թե ինչպե՞ս կմեկնաբանի սոցիալական ցանցում այն դժգոհությունը, որը սկսվեց իր մի կոչից հետո: Հիշեցնենք, որ նա ասել էր, թե սփյուռքահայերը դժգոհելու փոխարեն կարող են հազար դոլար պահել Հայաստանի բանկերում` իրենց հաշվեհամարներին, որը կաշխուժացնի բանկային համակարգը, հետևաբար` նաև տնտեսությունը:

 

«2013-ին է ծնվել այդ գաղափարը` բանկերի ու ֆինանսիստների համաժողովի ժամանակ, դա նորություն չէ, միշտ էլ դրա մասին խոսել ենք: Ես շնորհակալ եմ լրագրողներին, որ այսպիսի աղմուկ բարձրացրեցիք, որովհետև սփյուռքահայերին օգնեցիք, որ իրենք վերհիշեն այդ առաջարկը: Օրեր առաջ ես բարեգործականի ընդհանուր ժողովում նույն միտքը բարձրաձայնեցի` բանկային համակարգը հզորացնելու համար, որովհետև դրանով սփյուռքահայերին չենք վնասում, նրանք տոկոսներ են ստանում դրանից, և դրա արդյունքում կզարգանա զբոսաշրջությունը: Այդ բարեգործական ժողովի 300 մասնակիցները հոտնկայս ծափահարեցին: Եթե դեմ մարդ կա, ապա դա դուք եք»,- ասաց Հրանուշ Հակոբյանը` դիմելով լրագրողներին:

 

Հարցին, թե արդյո՞ք ինքն անձամբ որևէ ներդրում արել է բանկերում, պատասխանեց. «Ես ներդրումներով չեմ զբաղվում»:

 

Ինչ վերաբերում է այն հարցին, որ այդ կոչով կարող է դիմել Ամենայն Հայոց կաթողիկոսին, ով շվեյցարական բանկում գումարներ ունի պահած, նախարարը պատասխանեց. «Հարցադրումը տեղին չէ»: