Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ցինիզմի բացառիկ դրսեւորում էր, երբ հայտարարվեց, թե ընդդիմադիր որոշ ուժեր փորձում են խոչընդոտել երկխոսությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի` իշխանությունների հետ համագործակցությանը, որն ակնհայտ դարձավ մարտի 17-ի հանրահավաքին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն էականորեն տարբերվում էր նախորդ հանրահավաքների ելույթներից:
Ըստ բանախոսի` երբ ապրիլի 8-ի հանրահավաքին ՀԱԿ առաջնորդն ասաց, թե հանրապետությունում ցնցումներ չպիտի լինեն, քանի որ ներքաղաքական լարվածությունից կարող է օգտվել Ադրբեջանը եւ հարձակում գործել Արցախի վրա, որ իշխանությունների հետ պետք չէ վերջնագրի տեսքով խոսել, հարց է առաջանում, թե ինչո՞ւ այս նույն սկզբունքներով նա չէր շարժվում 2008-ին, երբ տասը օր շարունակ տասնյակ հազար մարդկանց հեղափոխություն անելու եւ իշխանությունը վերցնելու կոչ էր անում:
«Ես կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի Արթուր Բաղդասարյանից»,- ասաց Ռուբեն Հակոբյանն ու պարզաբանեց իր միտքը: Երբ Արթուր Բաղդասարյանը շատ հրապարակային, առանց իր ընտրազանգվածից թաքուն պահելու կանգնեց իշխանությունների կողքին, ՀԱԿ-ը նրան դավաճան անվանեց, սակայն այդ նույնը արեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, միայն թե երեք տարի անց, տասը զոհից հետո, Հայաստանի վարկը միջազգային կառույցներում թուլացնելուց հետո:
Ռուբեն Հակոբյանն ասաց նաեւ, որ ՀԱԿ-ը, որպես կուսակցությունների միավորում, քաղաքական տեսանկյունից գոյություն չունի: Այն եսակենտրոն կառույց է եւ առաջնորդվում է տոտալիտար սկզբունքներով: Իսկ միացած կուսակցությունների քանակը պարզապես օգտագործվում է` դաշտն ամբողջացնելու համար. «ՀԱԿ-ից մեկուսացված գործիչներ կան, օրինակ` Ալեքսանդր Արզումանյան, Կարապետ Ռուբինյան, ովքեր ավելի մեծ քաղաքական կշիռ ունեն ընդդիմադիր դաշտում, քան ՀԱԿ-ի այդ կուսակցություններից 2-3 վերցրած` իրենց ղեկավարներով»:
Ռ. Հակոբյանն ասաց նաեւ, որ վերջին հանրահավաքից առաջ խոսել է ՀԱԿ-ի մի քանի կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնք տեղյակ էլ չեն եղել, թե ինչի մասին է լինելու Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը:
Եվ այժմ, ըստ բանախոսի, հայաստանյան քաղաքական դաշտը կարիք ունի մեկ այլ նոր խմբավորման, որը կկարողանա հակակշռել նոր ձեւավորվող` ՀՀԿ-ՀԱԿ ալյանսին: Ներկայումս «Ժառանգությունը» բանակցում է տարբեր քաղաքական ուժերի հետ: